Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նամականիշ՝ ի պատիվ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի

Հոկտեմբեր 31,2022 19:07

Նոր նամականիշը, որն ունի նաեւ դրամահավաք գործառույթ, նվիրված է կոնգոյացի ակտիվիստին, որն օգնում է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին

Հոկտեմբերի 31, 2022 թ., Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերությունը կրկին միավորել են ջանքերը՝ թողարկելու 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին նվիրված փոստային նամականիշ: Մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն մղել է համառ պայքար եւ խիզախորեն բարձրաձայնել Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի մասին:

«Ես խորապես երախտապարտ եմ «Ավրորային» եւ «ՀայՓոստին» այս պատվի եւ ճանաչման համար: Հուզիչ է տեսնել իմ պատկերով նամականիշը, քանի որ հասկանում եմ, որ այն թույլ կտա, որ աշխարհում ավելի շատ մարդիկ իմանան իմ պայքարի մասին: «Ավրորան» աջակցում եւ խաղաղության ու համերաշխության ուղերձ է հղում մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում վտանգում են ամեն ինչ՝ օգնության ձեռք մեկնելու ուրիշներին: Այն օգնում է բարձրացնելու վայրագություններին զոհ գնացածների լռեցված ձայնը: Ինձ համար պատիվ է լինել այս նախաձեռնության համայնքի մի մասը»,- ասել է 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:

2017 թվականից սկսած ամեն տարի «Ավրորան» թողարկում է մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշ: Նոր նամականիշի հեղինակն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արտ-տնօրեն Ալլա Մինգալյովան է: Նամականիշն ունի նաեւ դրամահավաք գործառույթ: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշին կցված է 150 ՀՀ դրամ արժեքով նվիրատվության կտրոն, իսկ գոյացած հասույթը «ՀայՓոստը» կուղղի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:

«Սա վեցերորդ նամականիշն է, որ թողարկում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ: «ՀայՓոստը» բարձր է գնահատում այս համագործակցությունը եւ հնարավորությունը՝ աջակցելու մերօրյա հերոսներին, որոնք փրկում եւ հույս են տալիս այլոց: Ազդեցությունը, որ Ջուլիեն Լուսենգեն ունեցել է Կոնգոյի կանանց փրկության հարցում, չափազանց տպավորիչ է: Մենք հիացած ենք նրա աշխատանքով: Մեզ համար պատիվ է նրան աջակցելը՝ միաժամանակ շարունակելով աշխարհին պատմել «Ավրորայի» առաքելության մասին»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը:

Որպես 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքավորներին: Հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ կարիքները՝ նա մրցանակի միջոցներից 250.000 ԱՄՆ դոլար ուղղել է 13 նախագծի, որոնք օգնում են մեղմելու տեղի բնակչության ծանր վիճակը: «Ավրորայի» համահիմնադիրները կրկնապատկել են այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:

Բացի դրանից, Ջուլիեն Լուսենգեն նվիրաբերել է ֆինանսական միջոցներ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող երեք կազմակերպության, որոնք աջակցում են համայնքներում գործող եւ կանանց կողմից ղեկավարվող կազմակերպությունների, զորացնում գենդերային բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց վերաինտեգրմանը․

  • «Մայրերի ընկերակցություն հանուն զարգացման եւ խաղաղության» կազմակերպությունն Իտուրի նահանգում ուղղակի օգնություն կտրամադրի ավելի քան 2.560 մարդու, հիմնականում՝ կանանց եւ աղջիկների` տեղի բնակչությանը տալով սննդի, պատշաճ բուժծառայությունների, իրավաբանական աջակցության եւ կրթության հնարավորություն:
  • Կոնգոյացի կանանց հիմնադրամի շնորհիվ շուրջ 12.000 այրի, որբ եւ ներքին տեղահանված անձ Բենի քաղաքում եւ տարածքում կունենան խմելու ջրի անվճար հասանելիություն:
  • Կոնգոյի համերաշխության լիգան Հյուսիսային Կիվուում եւ Իտուրի նահանգում կաջակցի գենդերային բռնությունից եւ հակամարտությունից տուժած 1.584 մարդու, որոնք ուղղակիորեն կօգտվեն իրենց զարգացմանն ուղղված ծրագրերից:

Մեկնարկից ի վեր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է ավելի քան 2.700.000 մարդու ամբողջ աշխարհում: Ավելի լավ ապագա կերտելու «Ավրորայի» տեսլականին եւ աշխարհը բարեփոխելու մեր ջանքերին միանալու համար խնդրում ենք աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը` կատարելով նվիրատվություն:

 

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

 

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:

Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31