Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի նախագիծը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով սեյսմիկ կայունության մասին, ասաց, որ Սպիտակի երկրաշարժից հետո վերլուծություններ են արվել, թե ի՞նչ կլինի, եթե, Աստված չանի, նման երկրաշարժ լինի Երեւանում, պետք է շենքերի ամրացման ծրագիր ունենալ. «Բարձիկների խնդիրը Լոռիում, Գյումրիում մի քանի շենքերի վրա արվեցին, պետք է ավելացվի: Նոր շենքերի վրա դրվում են դրանք, բայց այն, ինչ կլինի հին շենքերի հետ, պատկերացրեք, տասնապատիկ ավելի մեծ ավերածություններ են սպասվում, ինչ եղավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Գոնե բարձրահարկ դպրոցների դեպքում իրականացնենք այդ ծրագրերը»:
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը պատասխանեց, որ սեյսմիկ ծառայությունը իրականացնում է ամենօրյա աշխատանք, ստանում են աշխատավարձ, դրա համար բյուջեում հավելյալ գումար չեն նախատեսել: Իսկ հին շենքերի սեյսմիկ ռիսկի գնահատում կլինի, կհաշվարկեն ծախսը. «Դա բավականին խոշոր գումար է ենթադրելու, մենք մեր մասով այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք»: Փոխնախարարը վստահեցրեց, որ լուրջ հետեւում են, որ նոր շենքերի դեպքում սեյսմակայունության բոլոր պահանջներն ապահովեն, նախագծով դրական եզրակացություն չեն տալիս, եթե խախտում եղավ: Քոչարյանը հետաքրքրվեց՝ բա որ նախագիծն անտեսում է կառուցապատողը, տալիս եք դրական եզրակացություն, չի անում՝ նա պատասխանեց. «Չէ, կառուցելու դեպքում վերահսկող մարմին կա»:
Անդրանիկ Քոչարյանը հորդորեց նաեւ տեղեկատվական նյութեր տարածել. «Ազգաբնակչություն, երեխաներ, հեռուստատեսությամբ հաղորդումներ…գիտեմ, որ ձեռնարկները կան՝ լավ մշակված: Հիմա ասենք, մենք նստած զրուցում ենք ու բյուջեի նախագիծ ենք քննարկում եւ երկրաշարժը սկսվեց, ի՞նչ անենք, մտնենք սեղանի տա՞կ, թե՞ չմտնենք, շատ ամուր սեղաններ են, ո՞ւր գնանք, որտե՞ղ ավելի պաշտպանված կլինենք:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը սկսեց նայել շուրջը, թե ի՞նչ կլինի իրենց նստած տեղում երկրաշարժի ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը ծիծաղեց. «Մեր տեղն ամենավատն է, ասեմ, պետք է գնալ դիմաց»:
Քոչարյանի խոսքով՝ ճապոնացիները «բարի լույսի» հետ սովորեցնում են մարդկանց, թե ինչ անել նման դեպքերում, մենք չենք անում:
Կարդացեք նաև
Փոխնախարարը վստահեցրեց, որ այդ տեղեկացման ծրագիրը լայն թափով իրականացնում են դպրոցներում, ուսումնական հաստատություններում, ՏԻՄ մարմիններում. «Օրինակ, մեր մասնագետները գնում են բանկեր ու սովորեցնում են, թե իրենց աշխատակիցները ինչ վարքագիծ են դրսեւորելու»: Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Շատ լավ է, որ բանկեր գնում են, որովհետեւ իրենք փողի հետ գործ ունեն, բայց իրենք բունկեր ունեն, գիտեն ուր են իջնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ