Սոչիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Իր խոսքում Ռուսաստանի նախագահն ասել է, որ Մոսկվայի ընկալմամբ՝ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն հակամարտությանը վերջ տալու համար:
«Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները այն հարցում, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ: Այս հակամարտությունը ձգվում է արդեն տասնամյակներ, ուստի պետք է ամեն դեպքում ինչ-որ պահի ավարտին հասցնել այն, համաձայն եմ դրա հետ: Գիտեմ, որ դուք ունեք քաղաքական կամք դրա համար, և մենք մշտապես սատարում ենք դրան: Մենք հիմա ձեզ հետ պետք է (և դրա համար էլ եռակողմ ձևաչափ է) գտնենք այն առանցքային պահերը, որոնք թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, թե ինչպես է ձեռք բերվել հրադադարի պայմանավորվածությունը: «Այդ ժամանակ մենք ելնում էինք նրանից, որ ամենագլխավորը խաղաղություն ապահովելն է և զարգացման համար պայմաններ ստեղծելը, այդ թվում Հայաստանի տնտեսության զարգացումը»: Դրա համար, Պուտինի խոսքով, աշխատանքներն ուղղվել են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, նոր երթուղիների ստեղծման, տնտեսության զարգացման հետ կապված հարցերի, սոցիալական ոլորտների վրա:
«Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը հնագույն ժամանակներից մինչ օրս մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, ինչպես ես արդեն ասացի ՀԱՊԿ առաջնորդների հետ հանդիպմանը: Ուստի մեզ համար սա, այնուամենայնիվ, առանձնահատուկ իրավիճակ է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ մենք այսօր կկարողանանք առաջընթաց քայլ ունենալ կարգավորման գործում»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ