ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Կռիլովի ելույթով: Անվանի ջութակահարի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Մ. Բրուխի Կոնցերտը՝ գրված ջութակի և նվագախմբի համար: Երկրորդ բաժնում նվագախումբը կատարել է Ն. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նշենք, որ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող հոբելյանական միջոցառումներն ընդգրկում են մի շարք կարևոր մշակութային իրադարձություններ, որոնցից է Հանրային հեռուստատեսության եթերով Դուրյանի 1950-60-ական թվականների արխիվային համերգաշարերի ու տեսանյութերի ցուցադրությունը: Կրկնօրինակվել և ցուցադրվել է Դուրյանի մասին պատմող Ստաս Նամինի կենտրոնի նկարահանած ֆիլմը: Հայաստանի հանրային ռադիոն լույս կընծայի Օհան Դուրյանի ղեկավարությամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ձայնագրությունների ութ սկավառակներից բաղկացած ժողովածուն (ընդգրկում է 1968-1991 թվականները): Ազատության հրապարակի հարակից տարածքում կտեղադրվի Գետիկ Բաղդասարյանի հեղինակած Օհան Դուրյանի կիսանդրին:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ