Հոկտեմբերի 31-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ Կոմիտեի նախագահը և տեղակալ Արսեն Այվազյանը շրջայց կատարեցին Ակադեմիայում, եղան տեխնիկապես վերազինված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում, մարզասրահում, ինչպես նաև լսարաններում, որտեղ այդ պահին ընթանում էին ՔԿ ղեկավար կազմի և քննիչների վերապատրաստման դասընթացները:
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին Ակադեմիայում ուսումնական գործընթացին ցուցաբերած սրտացավության, որակյալ և նորարարական մոտեցումներով կրթություն ապահովելու համար: «Ակադեմիայում վերապատրաստվելը հարկ է ընկալել իբրև լավ հնարավորություն: Փորձեք հնարավորինս օգուտ քաղել և յուրացնել տեսական գիտելիքները, քանզի համակարգում աշխատելու միակ նախապայմանը կրթված և պրոֆեսիոնալ լինելն է»,-նշեց Կոմիտեի նախագահը, նաև վերհիշեց այն ժամանակաշրջանը, երբ ինքն էր, որպես դատախազի թեկնածու, մասնագիտական պատրաստում անցնում Ակադեմիայում:
Կարդացեք նաև
Ռեկտորն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար և ընդգծեց, որ գնահատված լինելը չափազանց կարևոր է հետագայում նոր նախաձեռնությունների իրականացման առումով: Դիմելով ունկնդիրներին՝ ռեկտորը հիշեցրեց, որ Ակադեմիան քննիչների գործընկերն է մասնագիտական ողջ գործունեության ընթացքում և առաջարկեց ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման ժամանակ պրակտիկայում առաջացած խնդիրներն առանձնացնել, փոխանցել Ակադեմիային լրացուցիչ վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Կոմիտեի հետ սերտ համագործակցությունն ապահովելու համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը պարգևատրվեց հուշանվեր՝ ժամացույցով:
Արդարադատության ակադեմիայի
Համագործակցության և հանրային կապերի բաժին