Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը տպավորված է երեկ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում բազմահազարանոց հանրահավաքով, որով արցախահայությունը եւս մեկ անգամ ցուցադրեց իր միասնականությունը: «Հաճելի էր տեսնել Արցախում ապրող մեր հայրենակիցներին՝ միախմբված, միաբանված եւ իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարի դուրս եկած: Այս շրջանում հստակեցվում են Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի ընդհանուր դիրքորոշումները Արցախի հարցում. Արցախը թողնել Ադրբեջանի կազմում եւ արցախցիներին դարձնել, այսպես ասած, Ադրբեջանի քաղաքացիներ: Արցախահայությունը միասնաբար կանգեց ոտքի եւ իր վճռական ՈՉ-ն ասաց ալիեւափաշինյանական տանդեմին»,- ասաց գործիչը «Հայելի» ակումբում:
Էդգար Ղազարյանը հանրության ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ հանրահավաքը եղավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» ակումբում ի պատասխան հայ քաղաքագետի հնչեցրած հարցին արած հայտարարություններից հետո: «Պուտինն, ըստ էության նշեց, որ եթե Հայաստանի իշխանությունը ցանկանում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, ապա իրենք կհարգեն այդ մոտեցումը, եթե չէ՝ պատրաստ են բանակցել: Այս հանրահավաքը եղել է այդ հայտարարությունից հետո: Եվ արցախահայությունը, ըստ էության, ասաց, որ անկախ նրանից, թե Հայաստանում ով է ապօրինաբար տիրացել իշխանությանը, թրքահպատակ ինչ անմիտ դատողություններով է առաջնորդվում եւ անկախ այն բանից, թե ինչ ցանկություններ, երազանքներ ունի միջնադարյան հետամնաց բռնապետ Իլհամ Ալիեւը, Արցախի ժողովուրդը ամուր կանգնած է իր հողի վրա եւ ցանկանում է ապրել իր երկրում՝ օգտվելով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման իրավունքից:
Այս հանրահավաքն, ըստ էության, աջակցություն էր Ռուսաստանի նախագահի մոտեցմանը: Եվ կարծում եմ, որ այդ հանրահավաքով ամրապնդվեցին Ռուսաստանի նախագահի մոտեցումները: Այսինքն, նրա մոտեցումները ստացան արցախահայության աջակցությունը, որ պետք է հրաժարվել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու թշնամական, ապազգային, հակաարցախյան, հակահայաստանյան մտադրությունից:
Եվ հիմա, փաստորեն, այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահը պետք է ինքը բանակցի հայ ժողովրդի երկու թշնամիների հետ, որոնք ունեն միասնական մոտեցումներ: Ռուսաստանի նախագահը, հարգելով արցախահայության՝ այդ հանրահավաքով իրեն տրված աջակցությունը, պետք է փորձի փրկել Արցախի ժողովրդի իրավունքները:
Կարդացեք նաև
Իհարկե, իրավիճակը էապես կփոխվի, եթե Հայաստանում տեղի ունենա իշխանության փոփոխություն եւ արդեն այդ եռակողմ հանդիպման մեջ ուժերի հարաբերակցությունը լինի ոչ թե մեկը՝ երկուսի դեմ, այլ երկուսը՝ մեկի դեմ: Այսինքն, եթե Հայաստանի իշխանությունները եւս սկսեն պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, արցախահայության շահերը եւ Հայաստանի շահերը, ինչպես էր մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը, ապա Ադրբեջանը կհայտնվի մենակության մեջ՝ իր հետամնաց տեսակետներով»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ