Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կերպարվեստի հետ ծանոթությունն անհրաժեշտ է սկսել դպրոցում». լույս է տեսել «Արվեստի պատմություն. կերպարվեստ» եռամաս դասագրքի առաջին հատորը

Հոկտեմբեր 31,2022 16:24

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Արվեստի պատմություն. կերպարվեստ» եռամաս դասագրքի առաջին հատորը: Տպագրության է պատրաստվում դասագրքի երկրորդ հատորը: Դասագրքերի հեղինակը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի 2003-2022թթ. տնօրեն, ներկայում՝ ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանն է:

Դասագիրքը նախատեսված է արվեստի դպրոցների ու գեղարվեստական ուսումնարանների աշակերտների և ուսուցիչների համար: Այն մշակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» բազային ծրագրի շրջանակներում:

«Դասագրքի ստեղծման նախաձեռնությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն էր: Հայկական իրականության մեջ առաջին անգամ նախատեսվեց ստեղծել կերպարվեստի ընդհանուր պատմությանը նվիրված հայերեն ոչ թարգմանական ուսումնական ձեռնարկը: Այս նախաձեռնության կարևորությունն ակնհայտ է, քանի որ կերպարվեստի հետ ծանոթությունն անհրաժեշտ է սկսել դպրոցում և շարունակել միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Կրթված, գեղարվեստական բարձր ճաշակ ունեցող սերունդ ունենալու համար անհրաժեշտ են մայրենի լեզվով համապատասխան դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ»,- ասաց դասագրքի հեղինակ Արարատ Աղասյանը:

Դասագրքի առաջին հատորն ընդգրկում է նախնադարյան ժամանակներից մինչև եվրոպական Վերածննդի դարաշրջանի կերպարվեստի պատմությունը: Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված է կերպարվեստը՝ սկսած նախնադարից մինչև գոթական շրջան՝ համաշխարհային կերպարվեստի համատեքստում անդրադառնալով նաև հայկական կերպարվեստին:

«Քանի որ այսօր մեզանում բացակայում է արվեստաբանական տերմինների հայալեզու բառարանը, ապա այստեղ փորձել ենք մասամբ լուծել նաև այդ խնդիրը: Դասագրքի բառարանը պարզաբանում է կերպարվեստին, դեկորատիվ-կիրառական արվեստին, ճարտարապետությանը վերաբերող տերմինները, կրոնական և դիցաբանական կերպարների և խորհրդանիշերի իմաստն ու նշանակությունը, դիցաբանությունից սերող այլաբանական արտահայտությունները»,- ասաց Արարատ Աղասյանը:

Դասագրքում առկա է շուրջ 280 գունավոր վերատպություն, որոնք առավել հասկանալի են դարձնում շարադրանքը և նպաստում երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Լուսանցքներում նշված շտրիխկոդի միջոցով կարելի է youtube-ով դիտել շուրջ 80 ուսուցողական ֆիլմ, անիմացիաներ, մասնագետների դասախոսություններ հայերեն և ռուսերեն լեզուներով: Ֆիլմերը տեղեկություններ են տալիս հայկական և համաշխարհային արվեստի, մշակույթի, առանձին հուշարձանների, ականավոր վարպետների, պատմական դարաշրջանների, տարբեր երկրների ու ժողովուրդների, դիցաբանական աստվածների և հերոսների, պատմական նշանավոր դեմքերի և թագավորական տոհմերի մասին:

Դասագրքի երկրորդ հատորը ներկայացնում է եվրոպական Վերածննդի դարաշրջանի կերպարվեստից մինչև 20-րդ դարասկզբի կերպարվեստի համառոտ պատմությունը: Այդ համատեքստում դիտարկվել է նաև հայկական կերպարվեստը: Երկրորդ հատորը կհրատարակվի մինչև 2022թ. տարեվերջ:

Ներկայում Արարատ Աղասյանն աշխատում է դասագրքի վերջին՝ երրորդ հատորի վրա:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31