«Ոչ մի աճպարարություն չկա, կառավարությունում որեւէ մեկն աճպարարությամբ զբաղված չէ։ Կառավարությունը 2023թ․-ի հունվարի մեկից ենթադրվող՝ նվազագույն աշխատավարձ բարձրացնելու մասին օրենք է բերել ԱԺ, ուստի բազային աշխատավարձը կբարձրանա, եւ պետական աշխատողների աշխատավարձերը որոշակի համամասնությամբ կբարձրանան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հետեւյալ հարցադրմանը՝ կառավարության ծրագրում գործադիրը դիմել է աճպարարության եւ 2023թ․-ի պետբյուջեով 25 միլիարդով նվազեցրել է պետական ապարատի պարգեւատրումները, բայց հաջորդ տարվա համար պետական ապարատի աշխատավարձն աճել է նույնքան գումարով։
Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց․ «Բազային աշխատավարձերը մասամբ ֆինանսավորվում են ավելացումների հաշվին, որոնք կառավարությունը գումարելու է աշխատավարձի ֆոնդին։ Դա 2023թ․-ի համար մոտ 21 միլիարդ դրամ է։ Մի մասը, որն անցյալում պարգեւավճար էր, կվերահաշվարկվի որպես աշխատավարձ։ Այսինքն, այն, ինչ կոչում էինք պարգեւավճար, կլինի պետական ծառայողների աշխատավարձի մի մաս։ Ստանալու են ավելի շատ, քան նախկինում են ստացել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ