«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը չստորագրվի, բայց եթե, Աստված մի արասցե, հանկարծ ստորագրվի, դրանից հետո կա վավերացման գործընթաց՝ խորհրդարան, ՍԴ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ «Հայաստան» դաշինքը կվերադառնա խորհրդարան:
«Ես հստակ ասում եմ, որ Արցախի հարցով որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է: Ոտնատակ անել Անկախության հռչակագիրը, դա թշնամու կողքն անցնել է: Այո, եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա դրված: Այսինքն, եթե անհրաժեշտ լինի այդ օրակարգով գնալ խորհրդարան, մենք այդտեղ խնդիր չունենք, կարեւորը նպատակն է, արդյունավետությունն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե այդ փաստաթուղթը չվավերացվի ԱԺ-ի կողմից, այն առոչինչ է:
Նա հավելեց՝ իր օրակարգով, իր ասելիքով, Հայաստանի, Արցախի անվտանգության օրակարգով ընդդիմությունը գնացել եւ գնալու է խորհրդարան, բայց երբ քաղաքական մեծամասնությունը երկրի կենսական շահերին վերաբերող օրակարգերում ընդդիմության հրավիրած նիստերը տապալում է, սկսում է զբաղվել ոչ առաջնային հարցերով, «Հայաստան» դաշինքն այդտեղ չկա. «Մենք չենք կարող այդ կրկեսին մասնակից լինել: Անցած շաբաթ կար հստակ դրված խնդիր, կար ԱԺ ամբիոնից հայտարարելու ՀՀ կենսական շահերին առնչվող հարցերի մասին, գնացել, հայտարարել, դուրս ենք եկել»:
Այս համատեքստում անդրադառնալով հարցին, որ նախորդ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները մասնակցել են նաեւ քվեարկություններին, իսկ իրենց խմբակցությունը չի մասնակցել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր երկու խմբակցությունները որեւէ էական եւ սկզբունքային հարցում որեւէ տարաձայնություն չունեն: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը շատ կարեւոր է: Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց վստահ եղեք, այստեղ խորքային տարաձայնություններ չկան»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ