Լրահոս
Օրվա լրահոսը

«Քայլող լեգենդ էր… Մենք հենասյուն ենք կորցրել… Հայ թատերարվեստի կորուստն իրապես անչափելի է…»

Հոկտեմբեր 31,2022 15:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կյանքի 77-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Վահե Սուրենի Շահվերդյանը: Շահվերդյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 9-ին, Կիրովականում:

1971 թվականին ավարտելով Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, գործուղվել է հայրենի քաղաքի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Երկու տարի անց շնորհալի բեմադրիչի հայտ ներկայացնող երիտասարդ ռեժիսորին վստահվում է թատրոնի գեղարվեստական ղեկավարումը:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը ցավով է փաստում, որ տաղանդավոր բեմադրիչի բացակայությունը մեծ կորուստ է ոչ միայն նրա հարազատների, այլեւ հայ թատերարվեստի, ուսանողների, երկրպագուների եւ, հատկապես՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի համար. «Քայլող լեգենդ էր… Մենք հենասյուն ենք կորցրել… Հայ թատերարվեստի կորուստն իրապես անչափելի է…»:

Վահե Շահվերդյանը 85 բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը համարվեցին ազգային թատրոնի նվաճումներից: Իսկ լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը: Ինքնատիպ աշխատանք է համարվում նաեւ Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման:

Վահե Շահվերդյանը կառավարության կողմից պարգեւատրվել է Մովսես Խորենացու եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, արժանավորվել է ՀՀ ԿԳ եւ Մշակույթի նախարարությունների, նաեւ՝ ԵՊՀ Ոսկե մեդալներով, ՀԹԳՄ «Արտավազդ» եւ Համահայկական «Վահագն» մրցանակների դափնեկիր էր:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ժ. says:

    Հետևից ուրիշ բաներ էիր խոսում, հմի ինչ է խոսում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31