«Իմ կարծիքով, որեւէ վերջնական փաստաթուղթ, բնականաբար, չի ստորագրվելու: Մնացած արդյունքներին կծանոթանանք երեկոյան եւ վաղը, ըստ դրա կարձագանքենք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր Սոչիում ՌԴ նախագահի հովանու ներքո կայանալիք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը:
Խոսելով Արցախյան հարցի կարգավորման տարբերակների մասին, Իշխան Սաղաթելյանը հիշեցնում է, որ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություններ է արել, որ սեղանին չկա որեւէ փաստաթուղթ, բայց վերջերս ասաց, որ դեռ սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել ռուսական կողմի փաստաթղթին:
«Պարզվեց, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն ունի ամերիկյան տարբերակը: Այսինքն` ևս մեկ անգամ արձանագրենք, որ սուտ է խոսել. այն, որ նայում էր ժողովրդի աչքերին՝ ասում էր փաստաթուղթ չկա, սուտ է խոսել, այդ փաստաթուղթն իր դարակում դրած էր: Իմիջիայլոց, սա այն մարդն է, որ կապիտուլյացիան ստորագրելուց 8 ժամ առաջ հայտարարել է՝ Շուշին հայկական ուժերի տրամադրության տակ է, հաղթելու ենք, բայց այդ ժամանակ, ինքը մի ձեռքով քննարկել է կապիտուլյացիայի փաստաթուղթը, մյուս կողմից խաբել է հանրությանը: Երբ ասում է՝ կողմ եմ ռուսական առաջարկներին, որեւէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է մյուս տարբերակը, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ առհասարակ Արցախի հարցը: Քանի դեռ ինքն այդ հայտարարությունը չի արել, մնացածը բառախաղ է, միջազգային հանրության հետ գավառական ճարպկությամբ ինչ-որ քաղաքականություն վարելու եւ մանեւրելու փորձեր են»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ