Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն վարչապետը կամ նախարարը չեն, որ թվերի մասին խոսում են»․ Տիգրան Խաչատրյանն այն մասին, որ քաղաքացիները շարունակում են վատ ապրել

Հոկտեմբեր 31,2022 14:48

«Միաժամանակ երկու գործընթաց կա։ Մեծ գնաճը պայմանավորված է պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ։ Այդ երեւույթն ազդում է նաեւ ՀՀ-ում գնաճային բավականին բարձր ֆոնի վրա։ Եթե չլիներ դրամի արժեւորման որոշակի զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ, կան հիմա կա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե դոլարի կուրսի նվազմանը զուգահեռ ինչո՞ւ են ՀՀ-ում ապրանքները թանկանում։

Ինչ վերաբերում է հարցադրմանը, որ փորձագետների մի մասի խոսքով՝ 14% տնտեսական աճն արհեստական է եւ նկատվում է միայն Երեւանում, Տիգրան Խաչատրյանը նշեց․ «Ոչ մի բան արհեստական չէ։ Ոչ ճիշտ ձեւակերպումների հետեւանքով ձեւավորված գնահատական է դա։ Կա իրողություն, որ շատ անորոշություններ պայմանավորված են ՌԴ-Ուկրաինա հակամարտության հետեւանքների հետ։ Դրանք նախորդ ամիսներին ձեւավորել են մարդկանց զգալի ներհոսք դեպի ՀՀ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտների մասնագետների, որոնք ունեն եկամուտներ եւ արտարժույթային ներհոսքի են բերել։ Դեպի ՀՀ դրամական փոխանցումները նույնպես ավելացել են եւ ազդում են սպառման ընդհանուր ծավալների վրա»։

Այս ամենը, նախարարի խոսքով, տնտեսական ակտիվություն է բերում․ «9 ամսում 14%-ը գերազանցող տնտեսական ակտիվություն ունենք։ Մարզերում չզգալու գնահատականի հետ չեմ կարող համաձայնել։ Հիմնական այցելուները Երեւանում են, ուստի այստեղ է սպառումն ավելանում, բայց դա, ի վերջո, մարզերի տնտեսական ակտիվության վրա էլ է ազդում, որովհետեւ վերաբաշխման մեխանիզմներ կան»։

Նկատառմանն ի պատասխան, որ նախարարն ու վարչապետը կառավարության ամեն նիստում խոսում են աշխատատեղերի ավելացման, միջին աշխատավարձի բարձրացման մասին, սակայն քաղաքացիները շարունակում են վատ ապրել, թանկացումների հետեւանքները կրել, Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Դե, միայն վարչապետը կամ նախարարը չեն, որ թվերի մասին խոսում են։ Վիճակագրությունը եւս դրա մասին է խոսում։ ՊԵԿ-ը պարբերաբար հաշվետվություններ է ստանում տնտեսվարող սուբյեկտներից։ Դրանք վկայում են, որ գրանցված աշխատատեղերի քանակն էական աճել է։ Բնականաբար, կան ոլորտներ, որտեղ որակավորված մասնագետներ են պահանջվում։ Որոշ դեպքերում բարձր որակավորման պակաս կա, օրինակ՝ շինարարությունում։ Ձեր հարցի պատասխանը երեւի դա է, որ բարձր որակավորման մասնագիտություններն են պահանջված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31