Ermenihaber. Ադրբեջանը ցանկանում է արագացնել Իսրայելում դեսպանատուն բացելու գործընթացը: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ադրբեջանական մամուլին: Ադրբեջան-Իսրայել բարեկամության խմբի ղեկավար Արզու Նաղիևը ռուսական «Правда» պարբերականին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել:
«Երբեմն ասում են, թե որոշ պետություններին դուր չի գալիս, որ Ադրբեջանը դեսպանություն է բացում Իսրայելում, Ադրբեջանն ունի արտաքին քաղաքականություն, Ադրբեջան ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, եթե Իրանը Կապանում հյուպատոսություն բացելով ասում է «Հայաստանը մեր գործընկերն է», ուրեմն մենք ոչ մի երկրից քաշվելու տեղ չունենք»։
Հիշեցնենք, որ Նագիևի մեկնաբանությունները հնչել են ընդամենը երկու օր անց, երբ Իրանը հյուպատոսություն բացեց Կապանում: Հյուպատոսության բացումից մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր օկուպացված Զանգիլանում (Կովսականում)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցելով միջազգային օդանավակայանի բացմանը։