ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ 2023թ․-ին տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7%-ը։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4,5%-ի շրջանակում»,-նշեց Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով գնաճի միտումներին՝ նա նշեց, որ միջազգային ֆինանսական բոլոր կառույցների ներկայացուցիչները փաստում են՝ գնաճի տեսքով մարտահրավեր կա, որը մեկ իշխանության միջոցներով հաղթահարելն անհնար է․ «Մեզանում մի կողմից առաջարկը պետք է մեծանա, որպեսզի արտադրողականությունն ավելանա՝ երկու կողմից զսպելու համար գնաճի զարգացումները։ Հասել ենք 9,9% մակարդակի, որը ԵՄ գոտու երկրների գնաճին է հավասար։ Բավականին մտահոգիչ իրավիճակ է այն առումով, որ վերջերս ՌԴ-ի կողմից մոբիլիզացիայի վերաբերյալ հայտարարություն եղավ, եւ բավականին թվով մարդկանց հոսք եղավ։ Մյուս տարվա համար պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ գնաճը զսպելու համար»։
Պատգամավորներից մեկի հարցին՝ ՌԴ-ում 3 բանկեր են մնացել, որոնք դեռեւս պատժամիջոցների տակ չեն, սակայն եթե այդ 3 բանկերն էլ հայտնվեն պատժամիջոցների թիրախում, ՀՀ-ն ունի՞ այլ հնարավորություններ՝ ՌԴ-ՀՀ դրամական փոխանցումներն անխափան իրականացնելու համար, Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Միշտ քննարկումների մեջ ենք։ Փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս զերծ մնանք խնդիրներից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ