Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է Լիբանանի հայկական կրթական հաստատություններին դրամական աջակցություն ցուցաբերել

Հոկտեմբեր 31,2022 13:50

Շարունակելով աջակցել Լիբանանի մեր հայրենակիցներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանում գործող 16 հայկական կրթական հաստատություններին։

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից տրամադրված 100,000 ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատությունների ուսուցիչների և անձնակազմի աշխատավարձերի վճարմանը։

Ֆինանսական աջակցությունը փոխանցվել է Լիբանանում գործող՝ «Հայ ավետարանական կենտրոնական», «Հայ ավետարանական Թորոսյան», «Ազգային Հառաջ-Գ. Գյուլբենկյան», «Ազգային Միացյալ», «ՀԲԸՄ Դարուհի Յովակիմյան», «Հայ կաթողիկե Հռիփսիմյանց», «Հայ կաթողիկե Ս. Խաչ-Գ. Հարպոյան», «Մեսրոպյան» և «Մխիթարյան» վարժարաններին, «Հայ ավետարանական», «Ազգային Եղիշե Մանուկյան», «Սահակյան Լևոն Մկրտիչյան» քոլեջներին, «Այնճարի Հայ Ավետարանական», «Վահան Թեքեյան» և «Նուբարյան» դպրոցներին, ինչպես նաև «Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանին։

«Հայաստան» հիմնադրամը հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանն ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Լիբանանահայությանը օժանդակությունը սկիզբ առավ դեռևս 2019 թ.-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։  Հաջորդ աջակցությունը ցուցաբերվեց 2020 թ.-ի օգոստոսին՝ Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո։ Այդ տարի շուրջ 600,000 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն ցուցաբերվեց  տեղի հայ կրթական հաստատություններին։

2021 թ.-ի սեպտեմբերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով հավաքագրվեց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը փոխանցվեց 1,000,000 ԱՄՆ դոլար՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականից առ այսօր, «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայության հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերել է շուրջ 1,700,000 ԱՄՆ դոլարի աջակցություն։

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 խոշոր ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 18 երկրներում գործող 19 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31