Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում կայացած հանրահավաքի չորս ուղերձները եւ «Դիմադրության» շարժման հանրահավաքի երկու հիմքերը. Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 31,2022 12:55

«Հասարակության մեջ կա երկու տեսակետ. մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններն են, ովքեր ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլեւս դատավճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս այս իրավիճակից դուրս գալու եւ հանրությանն առաջարկում են նոր կորուստների ու զրկանքների գնով գնալ ինչ-որ երեւակայական խաղաղության հետեւից: Ըստ էության, առաջարկում են զիջել հայրենիքի մի մասը՝ մնացած մասը փրկելու համար: Եվ կա ստեղծված իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ, ըստ էության, ժողովուրդը՝ դա պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակին, հայրենիքի մի մասը զիջելով՝ կզիջենք ամբողջը եւ օրվա իշխանության առաջարկած օրակարգը եւ ճանապարհը, ըստ էության, կործանարար է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը գտնվում են պատմական փուլում, դիմագրավում են շատ ծանր մարտահրավերների:

Ընդդիմությունն առաջարկում է՝ առաջարկում է համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները եւ լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ վերականգնման գործին: Այս իմաստով, Իշխան Սաղաթելյանը, երեկ Արցախում տեղի ունեցածը խորհրդարանի արտահերթ նիստը, ընդունած հայտարարությունը եւ Վերածննդի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքը որակում է շատ կարեւոր պատմական իրադարձություն՝ ի լուր աշխարհի. «Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմինները, խորհրդարանական ուժերը՝ մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի լինելու: Արցախում շատ հստակ ասացին եւ հայտարարեցին, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար եւ արժանանալու է դիմադրության: Երրորդ կարեւոր արձանագրումը, որ երեկ հնչեց Արցախից, հետեւյալն է՝ Հայաստանի հանրապետության որեւէ իշխանություն, չունի իրավունք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Եվ չորրորդ կարեւոր արձանագրումը՝ երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, հայ ժողովրդին, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնելով Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին եւ իրենք շատ հստակ հայտարարեցին պայքարելու իրենց պատրաստակամության, հայրենիքին տեր կանգնելու իրենց շատ կարեւոր առաքելության մասին»:

Իշխան Սաղաթելյանի բնութագրմամբ, երեկ Արցախում 1988-ի ազատագրական պայքարի եւ ղարաբաղյան շարժման ոգին էր. իհարկե, բարդ էր երեւակայել, որ երեք տասնամյակ պայքարելուց հետո նորից պետք է նույն կետին վերադառնայինք, ինչեւէ, ընդդիմադիր գործչի բնութագրմամբ՝ գնդակը Հայաստանի դաշտում է:

Հիշեցնենք, երեկ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 5-ին Երեւանում հանրահավաք է լինելու: Այսօր էլ նա վերահաստատեց՝ նոյեմբերի 5-ին, 15.00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք են հրավիրում: Այն անվանեց միասնության հանրահավաք, բայց ոչ թե որեւէ անձի, քաղաքական ուժի կամ ընդդիմության շուրջ, այլ Արցախի ինքնիշխանության շուրջ. «Միասնություն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ անվտանգության շուրջ: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրահավաքն է, հետեւաբար, ՀՀ քաղաքացին, նոյեմբերի 5-ին՝ մասնակցելով այդ կարեւոր իրադարձությանը, պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին եւ այդ հայրենիքը սակարկման առարկա չէ: Երկրորդը՝ հայ մարդը, արժանապատիվ հայը, մասնակցելով հանրահավաքին, շատ հստակ արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ մանդատ՝ երկիրը նոր զիջումների եւ կորուստների տանելու: Օրվա իշխանությունը չունի որեւէ լեգիտիմ իրավասություն՝ ստորագրելու որեւէ փաստաթուղթ որը կսահմանափակի Արցախի ինքնիշխանությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31