«Կապիտալ ծախսերի աճի զգալի մասը կամ ¾-րդ մասն ուղղվելու է պաշտպանական, անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը։ 2023թ․-ին պաշտպանական ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ։ 35%-ով գերազանցելու են 2022թ․-ի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը 2023թ․-ին նույնպես զգալի է լինելու՝ կազմելով 648 միլիարդ դրամ․ «Իսկ կրթության ոլորտում ծախսերը կկազմեն 209 միլիարդ դրամ, առողջապահության ոլորտինը՝ 149 միլիարդ դրամ»։
Տիգրան Խաչատրյանը նաեւ նշեց, որ 2023թ․-ի արտաքին տնտեսական միջավայրից շատ բան է կախված լինելու․ «Բացառությամբ ՌԴ-ի համար տնտեսական զարգացումների կանխատեսումներից, մյուս դեպքերում՝ եվրոպական երկրների, Չինաստանի, ԱՄՆ-ի համար հոկտեմբերի կանխատեսումներն ավելի զուսպ են, քան ապրիլին էին։ Այսինքն, աշխարհը դարձել է ավելի զգուշավոր՝ ապագա տնտեսական զարգացումների համար։ Հետեւաբար, հիմա առկա անորոշությունների հետ կապված մենք հաջորդ տարվա համար ունենք արտաքին միջավայրի ռիսկեր։ Ապրիլին, երբ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը նոր էր, ողջ աշխարհը կարծում էր, որ ՌԴ-ի տնտեսությունն այս տարվա համար 8,5%-ի տնտեսական անկում կարձանագրի, իսկ եկող տարվա համար՝ 2,3%, բայց հիմա այդ կանխատեսումները ենթադրում են 3,4%-ի անկում։ ԵՄ-ի համար հաջորդ տարվա կանխատեսումների ցուցանիշը նվազել է՝ 0,5% տնտեսական աճ»։
Կարդացեք նաև
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում տնտեսական զարգացումների վրա զգալի ազդում է նաեւ պղնձի միջազգային գինը․ «Երեք տարվա կտրվածքով գները նվազում են։ Այս տարի կանխատեսվում է, որ 8900 դոլարի սահմաններում կլինի, իսկ հաջորդ տարի՝ 8000 դոլարի։ Նավթի միջազգային գները եւս, ըստ կանխատեսումների, նվազելու են»։
Ինչ վերաբերում է պարենի միջազգային շուկայի գներին, ապա առաջիկա տարում գների որոշակի նվազում է նկատվում՝ 5,8%-ով ավելի ցածր 2022թ․-ից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ