Հոկտեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Սոսիկի Բաղդասարյանի 65 տարին 2022 թվականի հոկտեմբերի 24-ին լրանալու կապակցությամբ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 94-րդ հոդվածի 1-ին մասով` լիազորությունները համարել դադարած:
Հոկտեմբերի 25-ին, սակայն, նշանակվել էր նույն դատավորին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը: Հանձնաժողովը այս տարվա հուլիսի քսանվեցին էր ներկայացրել միջնորդություն:
Կարգապահական վարույթ հարուցելու հիմք էին հանդիսացել 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի կողմից իրականացրած դատավորների հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված խախտումները: Ի դեպ, ԲԴԽ-ն օգոստոսի 22-ին էր նշանակել միջնորդության քննությունը, ապա հետաձգել:
Հոկտեմբերի 27-ին, Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստով հրապարակեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը: Խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել: Որոշումն ուժի մեջ մտավ հրապարակման պահից եւ վերջնական է:
Կարդացեք նաև
Իսկ արդարադատության նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, դարձյալ հետաձգվեց: Հուլիսի 29-ին նշանակվածը օգոստոսի 25-ին էր ժամանակացույցով ամրագրվել, ապա՝ հոկտեմբերին: Վարույթ հարուցելու հիմքը ՄԻԵԴ-ում «Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի» վճիռն է, որը կայացվել է 2021թ. մայիսի 18-ին:
Հոկտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում դատավորի ներկայացուցիչ, փաստաբան Գնել Մուղնեցյանը նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվեց: Նախորդ նիստին մերժել էր նույն ներկայացուցչի միջնորդությունը: Ըստ ներկայացուցիչ-փաստաբանի մուտքագրված դիմումի, դատավորը չէր կարողացել ներկայանալ, քանի որ ունի առողջական խնդիրներ, անցնում է բժշկական հետազոտություններ: Փաստաբանը հայտնել էր, որ բժշկական հետազոտության արդյունքները կներկացվեն ԲԴԽ ավելի ուշ: Նիստի օրվա նշանակման մասին ԲԴԽ-ն կներկայացնի լրացուցիչ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2022