«Հոլիվուդյան ժպիտ» արտահայտությունը ի հայտ է եկել ԱՄՆ-ում 20-րդ դ. 30-ական թվականներին, հեղինակը ֆրանսիացի ատամնաբույժ Չարլզ Պինկուսն է։ Փաստորեն նա գիտակցելով սպիտակատամ ժպիտների ոչ միայն բժշկական, այլեւ էսթետիկ նշանակությունը, հատկապես հոլիվուդյան դերասանների համար մշակեց տեխնոլոգիա, որի միջոցով կերամիկայից պատրաստված բարակ երեսպատումը ամրացվում էր ատամնաշարին։ Դա օգտագործվում էր միայն նկարահանումների ժամանակ։ Հոլիվուդը եղել եւ մնում է կուռքերի ու գեղեցկության չափանիշ թելադրող։ Եվ հենց Հոլիվուդի շնորհիվ կարծիք տարածվեց, որ առողջությունը գեղեցիկ է, իսկ գեղեցկությունը հաջողության նախապայման։ Նկատենք, որ հոլիվուդյան գեղեցկության չափանիշները մշտապես փոխվել են, ընդ որում՝ նույնքան հաճախ, որքան նորաձեւությունը։
Մինչդեռ մի բան անփոփոխ է մնացել այն պահից, երբ 1940-ականների կեսերին Մերիլին Մոնրոն աշխարհին ցույց տվեց իր փայլուն, սպիտակ ժպիտը, որն էլ դարձավ հաջողության պարտադիր պայման։ Կարելի է ենթադրել, որ նախորդ տասնամյակներում գիտնականները հայտնաբերել են նորանոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ էսթետիկ ստոմատոլոգիան թեւակոխել է զարգացման նոր փուլեր։ Խորհրդային միությունում ձյունաճերմակ ժպիտը նորաձեւ դարձավ հատկապես 1980-ականներին, երբ գեղեցկության որոշիչ գործոնը, մեծ հաշվով, սլացիկ կազմվածքն էր։ Հայաստանում «էսթետիկ ստոմատոլոգիա» հասկացությունը շրջանառության մեջ դրվեց 1990-ականներից։ Այսօր ոչ միայն հանրային դեմքերն են ձգտում ունենալ «հոլիվուդյան ժպիտ» եւ կարծես մոդա է դարձել ու համատարած դիմում են ատամնաբույժի՝ ատամները սպիտակեցնելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ ստոմատոլոգիական ծառայությունները՝ համեմատած Արեւմուտքի հետ, ավելի մատչելի են։ Բայց նաեւ գաղտնիք չէ, որ այսօր, օրինակ՝ դիմահարդարման ոլորտում, գեղեցիկ են համարվում ոչ ճչան, այլ բնականին մոտ, զուսպ երանգները։ Մեզ հետ զրույցներում ատամնաբույժներից ոմանք, որոնք զբաղվում են ատամնաշարի «գեղարվեստական» վերականգնմամբ, սրտնեղել են, որ պացիենտներից շատերը, այդ թվում՝ հանրային դեմքեր, հրաժարվում են մասնագետի խորհրդից՝ պահպանել ատամների բնական գույնը եւ պահանջում են սպիտակեցնել։
Կարդացեք նաև
Օրերս էլ մեր անվանի արտիստներից մեկը, որը խնդրեց չհրապարակել անունը, պատմեց իր գլխին եկածը. համացանցում տեղադրված գովազդներից ընտրել է այն կենտրոնը, որը մոտ է իր տանը եւ այցելել՝ ատամնաշարը ճերմակեցնելու նպատակով։ Որոշ ժամանակ անց ճերմակությունը սկսել է խամրել, հետո էլ սկսվել են անտանելի ցավեր։ Եվ երբ դիմել է նույն կենտրոն, պարզել է, որ նրանք չունեն կոսմետոլոգիական ծառայություններ մատուցելու արտոնագիր։
Երեւանում այսօր շատ են ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկաները։ Եվ քանի որ մեզ հետ զրույցներում հայաստանյան աստղերից ոմանք տեղեկացրել էին, թե իրենց «հոլիվուդյան ժպիտը» ձեռք են բերել «Իմպլանտում» ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայում, այցելեցինք այդ կենտրոն, զրուցեցինք վերջինիս տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ, որը, պարզվեց, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր խորհրդատուն է ընդհանուր ստոմատոլոգիայի գծով, բժշկական գիտությունների թեկնածու։ Ի դեպ, նա տոհմիկ ատամնաբույժների ընտանիքից է։
Դավիթ Մաթեւոսյանը վերը նշված դիտարկումների ու խնդիրների առնչությամբ ասաց հետեւյալը. «Այսօր՝ քան երբեւէ, մարդիկ հաճախ են լինում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկաներում ու պետք է նշեմ, որ 90-ականներից՝ տարիների ընթացքում զարգացման հետ մեկտեղ, նման կլինիկաներում պրոցեդուրաները դարձել են ավելի հասանելի։ Հայտնի մարդիկ, եւ ոչ միայն արվեստագետները, ժամանակի ընթացքում կարողացել են մասնագետների շնորհիվ իրենց ժպիտը շտկել, գեղեցկացնել։ Ողջունելի է, որ այսօր շատերը՝ անկախ գործունեության ոլորտից, դիմում են մեզ։
Ի դեպ, Հայաստանում ունենք իսկապես բարձրակարգ մասնագետներ»։ Դիտարկմանը՝ էսթետիկ ստոմատոլոգիան մեզ մոտ երիտասարդ ոլորտ է, ինչպե՞ս ստացվեց, որ կարճ ժամանակահատվածում ունեցանք ոչ թե մեկ-երկու, այլ ձեր հավաստմամբ՝ բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, մեր զրուցակիցը նախ նշեց, որ ինքը «բազմաթիվ» բառը չի օգտագործել, հետո պատասխանեց. «Հայաստանում ստոմատոլոգիան այն ոլորտներից է, որն առաջինը մասնավորեցվեց, ստեղծվեցին մասնավոր կենտրոններ եւ առողջ մրցակցության շնորհիվ ոլորտը շատ արագ զարգացում ապրեց։ Ընդ որում, ժամանակին մասնագետները հաճախ իրենց միջոցներով մեկնում էին արտերկիր սովորելու, կատարելագործվելու, վերադառնալիս էլ տեղայնացնում էին ու կիրառում նոր մեթոդները»։
Կարծես նորաձեւ դարձած ձյունաճերմակ ատամնաշարի մասին ասաց, որ ատամների ձեւը կամ գույնը ընտրում է պացիենտը. «Էսթետիկ միջամտությունը կայանում է նրանում, որ բժիշկը կարողանա ստանալ այն արդյունքը, ինչը կգոհացնի պացիենտին, միեւնույն ժամանակ չվնասելով նրա առողջությունը։ Այո, ներկայումս շատ երկրներում արդեն իսկ ճերմակ ատամնաշարը նորաձեւ չէ, մարդիկ ձգտում են բնական գեղեցկության։ Ինչ խոսք, կատարվում են էսթետիկ միջամտություններ, բայց դրանք իրագործում են այնպես, որ տեսանելի չլինի։ Նշեմ, որ վերջին տարիներին մեզ մոտ, կոնկրետ մեր կլինիկայում եւ իմ պրակտիկայում, ոչ շատ հաճախ, բայց հանդիպում եմ սակավաթիվ պացիենտների, ովքեր ձգտում են առավել բնական արդյունքի, ինչը ողջունելի է եւ ուրախացնում է մեզ՝ մասնագետներիս։ Սա խոսուն փաստ է, որ մեր հասարակության մոտ սկսել է առաջանալ այս գիտակցումը»։ Ինչ վերաբերում է արտոնագիր չունեցող կլինիկաներին, որոնց գովազդով առատ է համացանցը, մեր զրուցակիցը ասաց. «Իրականում ձեր նշած երեւույթը առկա է եւ, ցավոք՝ տարածված։ Շատ մարդիկ էսթետիկ պրոցեդուրան ստոմատոլոգիայում շփոթում են այլ էսթետիկ պրոցեդուրաների հետ, որոնցից են, օրինակ՝ մատնահարդարումը, վարսահարդարումը կամ դիմահարդարումը։ Բայց մոռանում են կարեւորի մասին՝ ստոմատոլոգիան առաջին հերթին կապված է առողջության հետ եւ այլ դպրոցեդուրաները կարող են կատարվել միայն ու միայն կոմպետենտ մասնագետների կողմից։ Իսկ դիմելով ոչ կոմպետենտներին, բնականաբար, մարդու մոտ կարող են առաջանալ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ։
Մարդը պետք է շատ զգույշ լինի կոնկրետ համացանցից ընտրություն կատարելիս»։ Մենք էլ հավելեցինք, թե համացանցում հանդիպել ենք մեկ ճանաչված դերասանի, որը թեպետ իր «հոլիվուդյան ժպիտը» ձեռք է բերել մի կլինիկայում, բայց նույն ատամնաշարով գովազդում է մեկ-երկու այլ կլինիկաներ նույնպես։ Այս առնչությամբ Դավիթ Մաթեւոսյանի արձագանքը հետեւյալն էր. «Հենց նոր ասացի, որ պացիենտը պետք է շատ զգույշ լինի ընտրություն կատարելիս։ Իսկ ձեր նշած հանրային մարդը նման կենտրոններ գովազդելիս դարձյալ պետք է զգույշ լինի՝ գիտակցելով պատասխանատվության չափը իր հետեւորդների եւ ընդհանրապես հանրության առջեւ, թեեւ հասկանում ենք եւ գաղտնիք չէ, որ գովազդում նկարահանվելը վարձատրվում է»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2022