Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկանց անհրաժեշտ է զգալ իրենց պահանջվածությունը

Հոկտեմբեր 31,2022 12:00

Մեր օրերում, երբ ամեն ինչ արագ է ընթանում, բոլորը շտապում են, չգիտես, թե ուր: Մարդու միտքն ու շարժումներն էլ են արագացել: Եվ այս ամենի մեջ պետք է դու էլ հարմարվես իրականությանը: Շատերը կփաստեն, որ մեկ մասնագիտություն ունենալն արդեն վաղուց արդիական չէ: Եվ անհրաժեշտ է զարգացնել նոր հմտություններ, նոր մեթոդներ, մոտիվացվելու եւ մոտիվացնելու նորանոր տարբերակներ: Ասում են՝ մի քննադատեք մարդկանց, երբ նրանք աշխատում են նման կերպ, եթե պատրաստ չեք կատարել այդ աշխատանքը նրանց փոխարեն: Դեյլ Քարնեգինն ասում էր, որ երկու մարդ բանտի ճաղերին են նայում. մեկը տեսնում է դրա վրայի կեղտն ու փոշին, իսկ մյուսը՝ աստղերը:
Այսօր ուզում եմ անդրադառնանք աշխատակիցների հետ հարաբերություններին: Այսինքն՝ ղեկավարն ինչ պետք է անի, որ մոտիվացնի իր աշխատակիցներին՝ դրանով իսկ բարձրացնելով աշխատանքի եւ արդյունքի որակը:

Ինչով են տարբերվում մոտիվացված մարդիկ. նրանք ունեն երեք հատկանիշ՝ լավատեսություն, շնորհակալության զգացում եւ բարձր ինքնագնահատական: Մարդկանց անհրաժեշտ է զգալ իրենց պահանջվածությունը: Նրանք ուզում են, որ իրենց մասին հոգ տանեն: Նրանց ինքնագնահատականը շատ կարեւոր է, եւ եթե մենք ուզում ենք լինել լավ ղեկավար, պետք է ամեն ինչ անենք, որ աշխատակիցների ինքնագնահատականը բարձրանա: Երբ խմբի յուրաքանչյուր անդամ ունի բարձր ինքնագնահատական, ապա խմբի ոգին բարձր է: Երբ ոգին բարձր է, խումբը հասնում է բարձր արդյունքների։

Մարդկանց հետ աշխատելու հմտությունները պետք է միշտ կատարելագործել, դա օգնում է գոյատեւել դժվար իրավիճակներում։

Ինչ պետք է անել
Գնահատեք ձեր ուժերը: Շատ մարդիկ չեն գնահատում իրենց ուժն ու ազդեցությունը շրջապատի վրա։ Յուրաքանչյուր մարդ, ով հայտնվում է մեր կյանքում, պատահական չէ, ուստի շատ կարեւոր է, թե ինչպես են ազդում մեր խոսքերը եւ վերաբերմունքը յուրաքանչյուրի վրա, ում հետ ամենօրյա շփում ունենք։ Խոսքերով եւ վերաբերմունքով կարող ենք մոտիվացնել ընկերներին, գործընկերներին, անգամ ոչ մոտ մարդկանց։ Դա կբարձրացնի ձեր աշխատանքի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում ձեր գործունեության արդյունավետությունը։

Փոխեք սահմանափակումների մտածելակերպը: Հետեւեք առաջատար եւ արհեստավարժ ղեկավարների կարգախոսին. «Դու կարող ես դա անել»։ Ձեր ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, անգամ եթե ինքնավստահ են թվում, նրանց պետք է ձեր հավանությունը, ասեք նրանց, որ նրանք կարող են դա անել։ Նման մտածելակերպը կդառնա արդյունավետության եւ հավատարմության գրավական։
Որոշում կայացնելու քաղաքականություն: Դուք գիտեք, որ ժամանակի ութսուն տոկոսն անցկացնելով հանդիպումների, քննարկումների, հեռախոսազույցների վրա, որոշում կայացնելու համար մնում է ընդամենը ժամանակի քսան տոկոսը։ Մենք բոլորս պետք է վարենք որոշում կայացնելու քաղաքականություն, եւ այդ դեպքում մեր կյանքի որակը զգալիորեն կբարելավվի։

Դարձեք հաջող աշխատանքի գրավական: Դրական ամրապնդումն այն գործընթացն է, որը մենք օգտագործում ենք ճիշտ ակտիվությունն ապահովելու համար: Այսինքն, կյանքում եւ բիզնեսում, երբ աշխատակիցը դրական որեւէ բան է անում, պետք է նրան ոգեւորել: Սակայն կյանքում տեղի է ունենում հակառակը, ոգեւորելու փոխարեն շատ ղեկավարներ բացասական ազդակներ են փոխանցում, այսինքն՝ գովելու, ոգեւորելու փոխարեն, քննադատում եւ չեն գնահատում աշխատակցին, որն էլ բերում է դեմոտիվացիայի: Դա հանգեցնում է աշխատանքի որակի անկմանը: Կիրառելով դրական ամրապնդման եռակողմ ամրապնդումը՝ կարելի է հասնել աշխատանքի որակի բարձրացմանը, մարդկանց հավատարմությանը եւ ազատվել բացասական տրամադրվածությունից: Դուք կարող եք ամրապնդել մարդու ուժեղ կողմերը եւ ազատել թուլություններից, իսկ դա շատ կարեւոր է մեր օրերում:

Խթանեք հաջողությունը, ձեռքբերումները: Մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ ցանկանում են բարձրացնել այլ անձանց ձեռքբերումների որակը: Դրա կարեւորությունն առաջանում է հատկապես մեր օրերում: Այս դեպքում շատ կարեւոր է ճիշտ մեթոդ օգտագործելը: Դուք ուշադրություն դարձրել եք, թե ինչպես են դելֆիններին վարժեցնում: Մարզիչը սուլում է այն ժամանակ, երբ դելֆինը բարձր է թռնում, դրանից դելֆինը ոգեւորվում եւ փորձում է ավելի բարձր թռնել: Ասում են, երբ մարդկանց ցույց տաք իր ուժեղ եւ լավագույն կողմերը, նա կգա քո հետեւից աշխարհի ծայրը:

Մի դանդաղեք: Այս ժամանակաշրջանում առավել եւս պետք չէ դանդաղել, անհրաժեշտ է անմիջապես որոշում կայացնել, կամ եթե հանձնարարություն կա, որի կատարումն ընդամենը տեւելու է, ասենք, տասը րոպե, մենք այնքան ենք ձգձգում: Ավելին, այդ միտքը, որ կիսատ գործ ունենք ավարտելու, մեզ հանգիստ չի տալիս: Այնինչ, ընդամենը պետք է անմիջապես անել այդ հանձնարարությունը, հեռախոսազրույցը, զեկույցի պատրաստումը եւ այլն: Եթե դա ձեզ դժվար եւ ժամանակատար է թվում, բաղդատեք ձեր գործողությունները: Այդ դեպքում գործը նշանակված ժամին սկսելու եւ ավարտին հասցնելու մեր հավանականությունը զգալիորեն մեծանում է։

Հինգ րոպեի ընթացքում բարձրացնել անձի կատարողականը, արտադրողականությունը: Դժվարին ժամանակներում անհրաժեշտ է օգտագործել մեր կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի յուրահատուկ հմտություններն ու տաղանդը: Ամեն օր հինգ րոպե անցկացրեք այն անձի հետ, ում աշխատանքային արդյունավետությունն ուզում եք բարձրացնել: Նրան առաջարկեք ամեն օր գրել երկու իրադրություն, իրավիճակ, որը վերջինիս հաճույք կամ ուրախություն է պարգեւել: Դրանով դուք կարճ ժամանակահատվածում կբարձրացնեք տվյալ անձնավորության ինքնավստահությունը, ինքնագնահատականը եւ կատարողականը, արտադրողականությունը:

Վերացրեք բոլոր արգելքները: Քչերը գիտեն, որ ցանկացած նպատակի հասնելու համար ի սզբանե բնածին խոչընդոտներ եւ արգելքներ կան: Շատ հաճախ հենց առաջին խոչընդոտին հանդիպելիս մարդիկ ետ են կանգնում՝ հարմարվելով պարտությանը: Անհնար է ամեն ինչ անել, քանի որ մենք պարզապես բավականաչափ ժամանակ չունենք, մենք պետք է գիտակցաբար ընտրենք մեր ուղին եւ չշեղվենք դրանից տարբեր աննշան պատճառներով: Երկու նպատակի հետ կապված քսան գործողություններն ավելի արագ կհասցնեն նպատակի իրականացմանը, քան քսան նպատակին ուղղված քսան գործողությունները: Եթե մտովի նախապատրաստվեք ճանապարհին հայտնված արգելքներն ու խոչընդոտները հաղթահարելուն, ապա ոչինչ եւ ոչ ոք չի կարող խանգարել ցանկալի արդյունքին հասնելուն:

Մարդկանց ոգեշնչեք, ոչ թե վախ ներշնչեք: Վախը սահմանափակում է մեր միտքն ու ստեղծագործական ոգին: Այն չի թողնում ռեալ մտածել եւ համապատասխան որոշում կայացնել: Ներշնչումն ու հաստատակամությունը հաջողության հասնելու գործում թույլ չեն տալիս, որ մարդը բավարարվի քչով եւ հուսահատվի: Ընդհակառակը, դրանք մղում են նոր հաջողությունների ու ձեռքբերումների, անգամ այնպիսի արդյունքների, որոնց չէիք սպասում:

Ձգտեք նպատակի իրականացմանը: Դժվար ժամանակներում նպատակների իրականացումն առավել կարեւոր ու նշանակալի է դառնում: Մենք եւ մեր կազմակերպության ողջ անձնակազմը պետք է կենտրոնանանք հետեւյալ կետերի վրա՝ Նպատակը պետք է հստակ եւ հասկանալի լինի՝

– Նպատակները պետք է լինեն միանգամայն հստակ եւ հասկանալի,

– Մենք պետք է այն միանգամայն գիտակցենք, որպեսզի չլինեն չհասկացված կետեր,

– Պետք է տարբերենք՝ ինչն է կարեւոր եւ շտապ,

– Չպետք է շեղվենք նպատակին հասնելու ճանապարհից:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31