Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը նաեւ հիասթափություն ունի Վլադիմիր Պուտինից եւ, կարելի է ասել, չի վստահում նրան»

Հոկտեմբեր 31,2022 14:00

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, Կոնստանտին Զատուլինի՝ ՀՀ մուտքը արգելելուց հետո կարծիք հայտնեցիք, որ քայլ առ քայլ մեր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու համար նման գործողությունները պիտի պարբերական բնույթ կրեն։ Որոշ մարդիկ Ձեզ քննադատեցին եւ կարծիք հայտնեցին, որ նման դեպքերը լուրջ հարված են մեր անվտանգությանը։ Չե՞ք կարծում, որ այս մոտեցումներում կա իրականության հատիկ։

-Որոշ ռացիոնալության հատիկ կա, միգուցե նաեւ ամենածայրահեղ որոշումն է կայացվել, բայց այն, որ նման պաշտոնյաներին պետք է զգուշացվեր, դրանում որեւէ կասկած չունեմ։ Նույնիսկ վաղուց ուշացած քայլ է։ Եթե մարդիկ ՀՀ ինքնիշխանության դեմ բաներ են խոսում, ապա այդ մարդկանց մուտքը պետք է արգելվի Հայաստան։ Ադրբեջանը նույնիսկ ավելի ծայրահեղ քայլերի է դիմումգ ով գալիս է Արցախ, նրանց մուտքն Ադրբեջան արգելում է։ Կոնստանտին Զատուլինի այցը վաղուց արգելված է Ադրբեջանում։ Այսինքն՝ կան սկզբունքներ, կարմիր գծեր, որոնց հատելու դեպքում ՀՀ-ն՝ որպես պետություն պետք է քայլեր ձեռնարկի։ Դա նաեւ հեղինակության հարց է։ Սա նաեւ դաս կլինի մյուսներին, որպեսզի նաեւ մյուսները ՀՀ ինքնիշխանության դեմ խոսելիս մի քիչ մտածեն, հետո խոսեն։

– Օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեցգ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով եւ Իրանով, եթե Հայաստանը չկարողանա լուծել տրանսպորտային շրջափակման հարցը»: Այսպիսի հայտարարությունները դիտարկել որպես շանտա՞ժ, զգուշացո՞ւմ։

– Դա ավելի շուտ շանտաժ է։ Եթե իրենք ցանկանային այդ տարածքներով տանել երթուղին, ապա վաղուց արած կլինեին։ Իհարկե, ՀՀ-ով անցնող ճանապարհն ամենակարճն է։ ՀՀ-ն չի էլ մերժում իր տարածքով անցնելու, տրանսպորտային հաղորդակցությունները բացելու որեւէ գաղափար, եթե այն չի հակասում ՀՀ ինքնիշխանության սկզբունքներին, չի պարունակում միջանցք, որը կունենա էքստրատերիոտորիալ կարգավիճակ։ Դա է ամբողջ խնդիրը։ Եվ եթե ռուսական եւ ադրբեջանական կողմը ցանկանում է Իրանի տարածքով տանել այդ ճանապարհը, թող այդպես էլ անեն։ Եթե Իրանի տարածքով անցնի այդ ճանապարհը, իրենք հարգելու են Իրանի բոլոր օրենքները։ Այնտեղ իրանցի մաքսավորներն են հսկելու բեռնատարները եւ այլն։ Այդ դեպքում իրենց համար էլ, չէ՞ ձեռնտու կլինի, որ ՀՀ տարածքով անցնի այդ ճանապարհը, որն ամենակարճն է։ Բնականաբար, դա ավելի շատ շանտաժ է, եւ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ՀՀ տարածքն ամենակարճն է։

– Ինչպե՞ս կգնահատեք Լազարյան ակումբի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները ՌԴ-ի հետ հարաբերությունները դավաճանելու ճանապարհին են։

– Այս ակումբն ավելի շատ ՌԴ շահերի սպասարկուն է, քան Հայաստանի։ Զարմանալի է, որ դավաճանություն եզրույթն են օգտագործել։ Սովորաբար քաղաքականության մեջ դավաճանություն եզրույթը ճիշտ չէ օգտագործելը, քանի որ ցանկացած երկիր իր շահերով է առաջնորդվում, բայց եթե իրենք այդպես են նայում հարցին, ապա թող ասեն։ Իսկ ի՞նչ է ՌԴ-ի կողմից ՀՀ-ին վճարված զենքը ժամանակին չտալը, ի՞նչ է ՌԴ կողմից ՀՀ հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելը, երբ ինքնիշխան ՀՀ տարածքն են ռմբակոծում՝ քաղաքներ, գյուղեր, այլ բնակավայրեր։ Էլի ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում, ընդորում, երկու ձեւաչափով պարտավորությունները՝ ՀԱՊԿ-ի եւ հայ- ռուսական երկկողմ ձեւաչափով ստանձնած պարտավորությունները։

– Այս համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 31-ի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից։ Վտանգ տեսնո՞ւմ եք, որ մեզ կպարտադրեն ստորագրել մեզ համար ոչ ցանկալի հայտարարություն։

– Հայտարարություն կարող է լինի, բայց լուրջ փաստաթուղթ չեմ կարծում, որ ստորագրեն։ Այդ հանդիպումից սպասելիքներ չունեմ։ ՌԴ-ն կփորձի կողմերին խաղաղության պայմանագրի՝ իր տարբերակը ներկայացնել, բայց կարծում եմ՝ կողմերից մեկնումեկը կհրաժարվի։ Եթե այդ փաստաթղթում լինի Արցախի կարգավիճակ բառը, ապա Ադրբեջանը կհրաժարվի, եթե չլինի այդ կարգավիճակ բառը, ամենայն հավանականությամբ ՀՀ-ն կհրաժարվի այդ փաստաթղթից։

– Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում, անդրադառնալով 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, նշել էր, որ այն ժամանակ իրենք ասել են, որ նախ պետք է անվտանգության մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել սահմանազատման մեկնարկի մասին։ Մինչդեռ այդ ժամանակ մեր գործընկերները՝ այդ թվում՝ ՌԴ-ի, ասում էին, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Այդ ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց փակուղի չմտնելու համար որոշեցինք գնալ այդ քայլին։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո եղավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Մեր հարցին՝ սա չի՞ նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը մի տեսակ նախատրամադրված է մեկնում եռակողմ հանդիպման։

– Չգիտեմ՝ ինչ տրամադրվածությամբ է գնում, բայց մի բան գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանին արդեն երկու տարիների ընթացքում բազմիցս ռուսական կողմը հարվածել է թիկունքից։ Նախկինում եղել են պահեր, որ իրենք ասում էին, որ ՀՀ-ի տարածքն իրենց համար կարմիր գիծ է, եթե հարձակում լինի ՀՀ տարածքի վրա, իրենք այն կպաշտպանեն։ Հետո, երբ Ադրբեջանը Սոթք-Խոզնավար, Սյունիք-Իշխանասար եւ այլ տարածքներում սկսեց ուղղակի ռմբակոծություններ ՀՀ տարածքի վրա, ռուսական կողմը պատճառ բերեց, թե սահմանները սահմանազատված չեն, եկեք դա անենք, հետո մենք ձեզ կպաշտպանենք։ Այսինքն՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը լուրջ հիասթափություններ ունի ՌԴ-ից։ ՌԴ-ն բազմիցս չի կատարել ՀՀ-ին տված իր խոստումը, չի կատարել իր պարտավորությունները։ Եվ Փաշինյանը նաեւ հիասթափություն ունի Վլադիմիր Պուտինից եւ, կարելի է ասել, չի վստահում նրան։

– Ի՞նչ դերակատարություն ունի Նիկոլ Փաշինյանի հիասթափությունը, եթե ռուս խաղաղապահներն են Արցախում, մեր անվտանգության երաշխիքների մեծ մասը ՌԴ ձեռքին է։

– Դե, նա արդեն պետք է բոլոր տարբերակները հաշվարկի, իհարկե, ընտրի ամենալավ ճանապարհը մեզ համար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31