Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հավաքական ազգային շահերի դավաճանություն է․ «Համախմբում»

Հոկտեմբեր 31,2022 09:32

«Համախմբում» շարժման հայտարարությունը՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության։

Հարգելի՛ հայրենակիցներ,

հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, բոլոր խմբակցությունների միաձայն որոշմամբ Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի վերաբերյալ ընդունել է կարևորագույն հայտարարություն, որով, ի թիվս այլոց, պահանջել է ՀՀ իշխանություններից բոլոր միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների շահերը պաշտպանելու դիրքերից և կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ նպաստելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործին։

Արձագանքելով այս կոչին՝ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է․

1.Արցախի ժողովրդի ինքնորոշումը բխում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից և որևէ կերպ վիճարկման ենթակա չէ։ Հայ ժողովուրդը մշտապես տեր է կանգնել  արցախաբնակ իր հատվածի արդարացի պայքարին, և շարունակելու է դա անել՝ անկախ հնարավոր դժվարություններից և վտանգներից։

2.Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը և պետք է համարժեք հակազդեցություն ստանան հայ ժողովրդի բոլոր հատվածների կողմից, այլապես նույն ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանի Հանրապետությանը։

3.ՀՀ ցանկացած իշխանություն, առաջնորդվելով համազգային շահերով, պարտավոր է հետևողականորեն առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծված պայմաններում իրականացնել համազգային մոբիլիզացիա՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ուստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը՝ ցանկացած պատրվակով, հանդիսանում է հավաքական ազգային շահերի դավաճանություն և հանգեցնելու է տվյալ իշխանությունների հեռացմանը։

«Համախմբում» շարժման խորհուրդը կոչ է անում իր բոլոր համախոհներին, մեր երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

«Համախմբում» շարժման խորհուրդ

Ավետիք Չալաբյան

Մենուա Սողոմոնյան

Կարին Տոնոյան

Էդգար Ղազարյան

Տիրան Խաչատրյան

Աննա Կոստանյան

Արսեն Գրիգորյան

Գևորգ Գևորգյան

Արամ Պետրոսյան

Վարդան Սրտաշյան

Արմեն Հայրապետյան

 

Հիշեցնենք, որ «Համախմբում» նախաձեռնությունը ձեւավորվել է 2022թ. ապրիլին՝ Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի հերթական դրսևորման ժամանակ՝ նպատակ ունենալով անվտանգային նշված օրակարգի շուրջ համախմբել ազգային կարող ուժերի։ Նախաձեռնությունը ձևավորել են 5165 շարժման անդամները, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը և հասարակական այլ գործիչներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31