ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է հոկտեմբերի 28-31-ը Երևանում անցկացվող hամաշխարհային հայկական գագաթնաժողովի «Համառոտ ներկայացում․ կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Քննարկվել են նաև Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտները բարելավելու ուղղություններով, և նախաձեռնված ծրագրերը՝ ՀՀ կրթական համակարգը զարգացնելու, այն ավելի լավն ու արդյունավետ դարձնելու համար:
«Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այսօր դիտարկվում են այլ հարթության վրա՝ պայմանավորված մեր ժողովրդի և մեր պետության առջև ծառացած խնդիրներով, մարտահրավերներով և հարցերով: Այսօր մենք պարտավոր ենք այդ հարցերին գտնել ընդհանուր պատասխաններ, որոնք բոլորիս կողմից կլինեն ընդունելի: Մեզնից յուրաքանչյուրը լինի Հայաստանում, թե Սփյուռքում, պետք է իրեն համարի Հայաստանի Հանրապետության մի մասնիկ, իր գործունեությունը ծառայեցնի մեր երկրի հզորացմանը և զարգացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև նախարարության ծրագրերը, որոնք վերաբերում են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, Սփյուռքում գործող կրթօջախներին դասագրքերով ապահովմանը, հայագիտական ուղղվածությամբ ինստիտուտներ և կենտրոններ ունենալուն:
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչները տեղացի գործընկերների հետ քննարկելու են համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները:
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, Սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն։
Գագաթնաժողովին Երևանում հյուրընկալվել են մոտ 600 մասնակիցներ Սփյուռքի ավելի քան 50 երկրներից, Հայաստանից և Արցախից: Նրանք ներկայացնում են համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Գագաթնաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու 10 պանելային քննարկումներ, համաժամանակյա 15 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպումներ:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիﬓաքարեր կդառնան:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ