Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնամուսնությունները երեկ և այսօր

Հոկտեմբեր 30,2022 21:11

Արտաշեսը և Գալյան քառասուներկու տարվա ամուսիններ են, ծանոթացել են Սվերդլովսկ (ներկայիս Եկատերինբուրգ) քաղաքում, որտեղ խորհրդային տարիներին ծառայել է Արտաշեսը, ծառայության ավարտից անմիջապես հետո, ճիշտ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մոտիվներով, նրանք ամուսնացել են և Գալյան Արտաշեսի հետ տեղափոխվել է Հայաստան՝ նրա հայրենի գյուղ. «Ունենք 3 երեխա, որոնք լիարժեք խոսում են հայերենով և իրենց հայ են համարում, այս տարիների ընթացքում որևէ անլուծելի խնդրի չենք բախվել, ամուսնության սկզբնական շրջանում ազգականների կողմից հակասական կարծիքներ էինք լսում, որոնք էլ մանր-մունր կենցաղային վերճերի առիթ էին դառնում, բայց այդ շրջանն էլ կարճ տևեց»,- նշում է Արտաշեսը:

Խառնամուսնությունները տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների միջև ամուսնությունն է, դրանք դեռևս հին ժամանակաշրջանից եղել են տարբեր ազգությունների մոտ, ընդ որում, ժամանակաշրջանից ելնելով՝ դրանք ունեցել են իրենց պատճառները: Խորհրդային տարիներին, օրինակ, հայերի շրջանում խառնամուսնությունների աճը պայմանավորղ շատ հանգամանքներ կային՝ ծառայության մեկնելը, սեզոնային միգրացիաները, ծառայողական գործուղումները և այլն: Խառնամուսնությունները ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ հայերի մոտ առաջ է բերում ազգապահպանման խնդիր, ընդ որում այդ խնդիրն ավելի ակնառու է սփյուռքում բնակվող հայերի համար:

Խառնամուսնությունների արդյունքում ծնված երեխաները շատ հաճախ իրենց մտածելակերպով լինում են աշխարհաքաղաքացի, մանավանդ երբ մայրն է լինում այլազգի, եւ իրենց ինքնության նույնականացումը հայ ազգի հետ շատ թույլ է լինում կամ գրեթե բացակայում է:

Հայ Առաքելական եկեղեցին հնուց ի վեր կատարել է հայապահպանության գործառույթ, և որքան հին է ամուսնության խորհուրդը քրիստոնեական Եկեղեցում, նույնքան եւ հին է խառնամուսնությունների խնդիրը եկեղեցու համար: Անդրադառնալով խառնամուսնություներին ՝ Տեր Ներսես քահանա Հովհաննիսյանը նշում է. «Խառնամուսնությունները մարդկության կյանքում նորություն չեն, այդ փաստի հետ պետք է հաշվի նստենք: Խառնամուսնությունները որքան մարտահրավեր են, այնքան էլ, թերևս, հնարավորություն, ուստի ամեն ինչ պետք է գնահատենք իրենց արժեքների մեջ՝ ո՛չ առավելություն տանք, ո՛չ էլ դրանցից խուսափենք կամ վախենանք: Պարզապես մենք պետք է մեր աշխատանքով, մեր հայրենասիրական ձգտումներով կարողանանք այդ մարտահրավերը ճիշտ ձևով գնահատել և հաղթահարել, խուսափել հնարավոր չէ»:

Հայ հասարակությունը այս երևույթի նկատմամբ երբեք էլ մեկ միասանական տեսակետ չի ունեցել և լայն շրջանակի համար այն միշտ անընդունելի է համարվում ՝ պայմանավորված ազգային ինքնության, էթնոսի, արժեքների և դիմագծի պահպանման հանգամանքներով:
«Իմ ընտանիքում միշտ ազգային արժեքների գերակայություն է եղել, և երեխաներիս փոքրուց մեծացրել եմ այն ոգով, որ հայը պետք է միշտ հիշի իր ով լինելը և ամենուրեք լինի իր լեզվի, կրոնի և մշակույթի կրողը, և մենք խառնամուսնությունների վերաբերյալ բացասական վերաբերմունք ունենք »,- նշում է Համլետը, ում որդին այժմ կրթությունը շարունակում է արտերկրում:

Հայաստանում խառնամուսնությունների վերաբերյալ չկան հստակ վիճակագրական տվյալներ, նույնը նաև արտերկրում բնակվող հայերի դեպքում: Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը խառնամուսնությունների վերաբերյալ հարցում է անցկացրել Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, խառնամուսնություններին երեք երկրներից ավելի դրական են վերաբերվում Վրաստանում, այնուհետեւ` Հայաստանում, իսկ ընտանիքի հարցում ամենապահպանողականը ադրբեջանցիներն են: Հայաստանում հարցման ամբողջական արդյունքները այսպիսին են. ռուսների հետ ամուսնություններին կողմ է արտահայտվել 51 տոկոսը, մոտ 40 տոկոսը հավանություն է տվել ամերիկացիների, հույների, իտալացիների, գերմանացիների հետ ամուսնություններին, 30 տոկոսը ողջունում է հրեաների, շվեդների, չինացիների հետ ամուսնությունները, 15 տոկոսն էլ դեմ չէ քրդերի հետ ամուսնությանը:

Անժելա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31