Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան. «Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը տարվում է մի քանի ուղղություններով» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 30,2022 20:11

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված հիվանդությունն է աշխարհում, սակայն այն դատավճիռ չէ: Վաղ ախտորոշումը բարձրացնում է բուժման հավանականությունը:

Այս իրազեկմամբ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը Ազատության հրապարակից քայլերթ էր կազմակերպել`գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կոչ անելով չհապաղել, հետազոտվել հնարավորինս արագ՝ վստահեցնելով, որ նրանք միայնակ չեն եւ որ հնարավոր է դարի հիվանդությանը հաղթել միասին:

Քայլերթին մասնակցում էր նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը բուժաշխատողների հետ միասին նաեւ իրազեկման թերթիկներ էր բաժանում երեւանցիներին: Ակցիայի ավարտին տիկին Ավանեսյանը  ասաց, որ հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է եւ նախարարությունը, բուժաշխատողները, պացիենտները, որոնք անցնում են բուժման կուրսը,  ակտիվ աշխատանք են կատարել, որպեսզի կանայք հետազոտվեն: Այս մեկ ամսվա ընթացքում միջոցառումները ուղղված են եղել` քաջալերելու, իրար սատար կանգնելու, ոգեւորելու, որ տարին մեկ անգամ հետազոտվեն, որպեսզի հիվանդությունը հնարավորինս վաղ հայտնաբերվի: Նախարարը նշեց նաեւ, որ միայն Երեւանով չեն սահմանափակվում: Մասնավորապես, վերջին երկու տարիներին Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացրել են անվճար հետազոտություններ, իսկ ներկայումս էլ իրենց մամոգրաֆիկ կայանը տեղավորված է Սիսիան քաղաքում եւ սպասարկելու է ամբողջ մարզը: Այդպես շարունակաբար իրենք անցնելու են բոլոր մարզերով` անվճար հետազոտելով բոլոր կանանց:

Aravot.am-ի հարցին, թե միամսյակից դուրս տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են իրականացվում կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերելու եւ դրա զարգացումը կանխարգելելու համար, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Աշխատանքները մի քանի ուղղություններով են իրականացվում: Նախ, իրազեկումը, կանխարգելիչ հետազոտությունները, առողջ ապրելակերպի քաջալերելը, որովհետեւ կան ռիսկի գործոններ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը: Դրանք են. պասիվ կենսակերպը, անառողջ սնունդը, ծխելը եւ այլն: Եվ այս ամենի դեմ պայքարը նրա համար է, որպեսզի կարողանանք հնարավորինս երկար պահպանել քաղաքացու առողջությունը:

Բայց, իհարկե, միայն դրանով չենք սահմանափակվում: Կարեւոր է նաեւ բուժման կուրսի մեջ պետության ակտիվ աջակցությունը արդեն պացիենտներին: Այս առումով ավելացել են թե դեղորայքային բուժման փաթեթները, թե վիրահատական ամբողջ միջոցառումներն են իրականացվում պետպատվերի շրջանակում: Մենք ունենք դիմելիության բավականին աճ, ինչը ցույց է տալիս, որ այս ծառայությունները ավելի հասանելի են դարձել կանանց համար»։

Լրացուցիչ հարցին, թե մարզերում ծավալվող աշխատանքներից բացի հիմա Արցախում ինչ-որ բան արվո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Տեսեք, ասացի, որ Սյունիքում տեղակայված է մամոգրաֆիական հետազոտության կայանը: Այն սպասարկելու է նաեւ Արցախի բնակչությանը: Մենք Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք միասնական ծրագրերի շրջանակներում եւ նրանք օգտվում են ամբողջ փաթեթներից»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31