Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճը՝ առօրյայի անբաժանելի մաս

Հոկտեմբեր 30,2022 20:00

Մելսիդա Պապիկյանի օրը սկսվում է մեկ բաժակ սև սուրճ խմելով, որը դարձել է նրա օրվա անբաժան մասը. «Սև դառը սուրճ շատ եմ սիրում։ Առավոտյան եթե սուրճ չխմեմ, ուրեմն օրս այն չի լինի։ Սուրճ խմելով ես էներգիա եմ ստանում և առույգանում»։ Մելսիդան նաև կատակով ասում է, որ սուրճի սեղանը ընկերուհիների հետ լավ բամբասելու համար լավագույն միջոցն է։

Ծովինար Խաչատրյանը ևս սուրճի սիրահար է, խմում է միայն սև, աղացած սուրճ. «Օրական մեկ կամ երկու բաժակ սուրճ եմ խմում։ Ինձ համար սուրճ խմելը դարձել է ավանդական երևույթ։ Նախընտրում եմ միայն սև սուրճ, իսկ լուծվող սուրճ ընդհանրապես չեմ սիրում»։

Մինչդեռ ուսանող Սեդա Կյուրեղյանը հակառակն է նախընտրում. գրեթե ամեն օր դասամիջոցներին նա խմում է սառույցով լուծվող սուրճ. «Լուծվող սուրճի սիրահար եմ, այդ պատճառով շատ եմ խմում դրանից։ Դասամիջոցին սառույցով լուծվող սուրճ խմելը ինձ զովացնում է»։

Տնային տնտեսուհի Բելլա Պապոյանը նախընտրում է սև աղացած սուրճ, որն առավոտյան խմելը նրա համար դարձել է ավանդույթի նման բան. «Նախքան առօրյա գործերին անցնելը՝ միշտ խմում եմ սովորական սուրճ, որը դարձել է օրվաս անբաժանելի մասը։ Լուծվող սուրճ չեմ խմում և երեխաներիս էլ հորդորում եմ չխմել, որովհետև դրանք արհեստական հավելումներ շատ են պարունակում»։

Ուսանող Քրիստինե Մկրտչյանն իր հասակակիցներից տարբերվում է նրանով, որ ընդհանրապես սուրճ չի խմում՝ պատճառաբանելով, որ և՛ չի սիրում, և՛ այն իր վրա վատ է անդրադառնում. «Սուրճ չեմ խմում և չեմ սիրում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ սուրճ խմելուց հետո ստամոքսիս և աղիներիս հետ կապված խնդիրներ են առաջացել»։

Լուծվող սուրճն ընդդեմ աղացած սուրճի

Աղացած սուրճը ստացվում է Arabica տեսակի սուրճի հատիկներից, իսկ լուծվող սուրճը՝ Robusta, այդ իսկ պատճառով այն շատ ավելի էժան է, քան աղացած սուրճը: Լուծվող սուրճին տաք ջուր ավելացնելուց հետո ստացվում է ընպելիք, որը համով մոտ է բնական սուրճին։ Լուծվող սուրճի հիմնական թերությունը թույլ բույրն է բնական սուրճի համեմատությամբ։ Սուրճի թանկ տեսակներում արտադրողները պայքարում են սրա դեմ` ավելացնելով արհեստական կամ բնական սուրճի յուղ։ Լուծվող սուրճի բույրը խիստ տարբերվում է բնական, հատկապես էժան տեսակների բույրից։

Ներկայումս շատացել են պատրաստի լուծվող սուրճ վաճառող կետերը։ Սուրճի վաճառակետի աշխատակցուհի Թինա Էվանիսյանը փաստում է, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է բարձր որակի արագ պատրաստվող սուրճի տեսակներ. «Որպես սուրճի պատրաստման կետում աշխատող կարող եմ արձանագրել մեկ փաստ, որ մարդիկ նախընտրում են մի քանի հարյուր դրամ ավելի վճարել և խմել բնական հումքից պատրաստվող սուրճի տեսակներ (ամերիկանո, էսպրեսսո, կապուչինո), քան վճարել քիչ ու խմել լուծվող սուրճի տեսակներ: Սև արևելյան սուրճ չեմ օգտագործում ընդհանրապես, հաճախորդներին էլ երբեք չեմ առաջարկում, երբ ինձ խնդրում են համով սուրճ առաջարկել»։

Երիտասարդների մեծ մասը հենց նախընտրում է լուծվող կամ արագ պատրաստվող սուրճի տեսակներ։ Իսկ ո՞րն է պատճառը։ Աղացած և լուծվող սուրճի տեսակների առաջին և գլխավոր տարբերությունն այն է, որ վերջիններն ավելի արագ են պատրաստվում և շատ ժամանակ չեն վատնում։ Լևոն Կիրակոսյանը հենց դրա հաշվին օրական խմում է 4-6 բաժակ լուծվող սուրճ. «Լուծվող սուրճ խմում եմ դեռևս 11 տարեկանից, չափից շատ եմ օգտագործում և սիրում։ Սուրճին մեծ քանակությամբ շաքարավազ եմ ավելացնում, ճիշտ է, գիտեմ, որ վտանգավոր է, բայց առանց դրա չեմ կարողանում խմել»։

Լուծվող սուրճը լայնորեն օգտագործվում է տասնամյակներ շարունակ իր հարմարության պատճառով: 1970-ականներին՝ իր ժողովրդականության գագաթնակետին, ԱՄՆ ներմուծվող բոված սուրճի գրեթե մեկ երրորդը վերածվեց ակնթարթային արտադրանքի, ինչի արդյունքում տարեկան վաճառքը կազմում էր ավելի քան 200 միլիոն ֆունտ: Այսօր ԱՄՆ-ում սպառվող սուրճի մոտ 15%-ը պատրաստվում է լուծվող հատիկները տաք ջրի հետ խառնելով՝ տանը, գրասենյակներում կամ վաճառող մեքենաներում:

Լուծվող սուրճի և աղացած սուրճի մեծ տարբերություններից մեկը նաև այն է, որ լուծվող սուրճը սովորաբար ավելի ցածր կոֆեինի պարունակություն ունի: Միջին հաշվով, մեկ բաժակ եփած սուրճը պարունակում է մոտ 100 միլիգրամ կոֆեին՝ լուծվող սուրճի մոտ 60 մգ կոֆեինի համեմատ:

Սուրճին վերագրվող առողջության որոշ օգուտներ իրականում պետք է վերագրել կոֆեինի ընդունմանը: Դա նշանակում է, որ լուծվող սուրճը չի կարող ապահովել այդ առավելությունների նույն մակարդակը, ինչ «սովորական սուրճը»: Աղացած սուրճը, կոֆեինի հաշվին, կատարում է առույգացնող գործառույթ, որի շնորհիվ մարդու մոտ ավելանում է էներգիան, ինչպես նաև ուղեղը սկսում է ավելի լավ աշխատել։ Սուրճի կոֆեինն ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը, արագացնում է նյութափոխանակությունը, աշխատունակությունը և արագ արձագանքելու ռեակցիան։ Այս մասին են փաստում գիտնականների կատարած բազում հետազոտությունները։

Հայաստանը սուրճի հիմնական մասը ներկրում է արտերկրից, մասնավորապես՝ Բրազիլիայից։ Ներկրման կողքին, նաև Հայաստանում կան սուրճի մշակման ընկերություններ, որոնք հենց տեղում են մշակում հումքը և վաճառում։ Դիլիջանում գործող Caffeine Coffee Roasters ընկերությունը ներկրում է specialty դասի արաբիկա տեսակի սուրճ, ավելի կոնկրետ՝ սուրճի կանաչ հատիկներ, որոնք ծագմամբ տարբեր երկրներից ու տարբեր պլանտացիաներից են։ «Մեր բուն արտադրական պրոցեսը սուրճի կանաչ հատիկները բովելն է։ Բովում ենք շաբաթը 1 օր, միայն նախնական պատվերի հիման վրա, որպեսզի հատիկը հնարավորինս թարմ վիճակում հասնի վերջնական սպառողին։ Բովելուց առաջ բոլոր հատիկները մանրակրկտորեն զննվում են մեր արտադրամասում, հեռացվում են վնասվածները, որից հետո սուրճը պատրաստ է լինում բովելուն»,- ասաց Caffeine Coffee Roasters-ի համահիմնադիր Մարիամ Սինանյանը։

Բոված սուրճը նախքան սպառողին հասնելը փաթեթավորվում է կա՛մ ամբողջական հատիկների տեսքով, կա՛մ էլ աղում են՝ ըստ համապատասխան սարքի խոշորության։ Զարմանալի չէ նաև այն, որ Հայաստանը ներկրելուց բացի, սուրճ է արտահանում արտերկիր. հիմնականում Ռուսաստան և Վրաստան։

Այնուամենայնիվ, սուրճը օգտակա՞ր է, թե՞ ոչ

Սուրճի սիրահարները, որոնք ձգտում են իրենց առավոտը դիմավորել մեկ բաժակ սուրճով, հավանաբար չեն մտածում դրա բերած օգուտների կամ ռիսկերի մասին: Եվ, այնուամենայնիվ, այս ըմպելիքը երկար քննարկումների առարկա է դարձել: Հարվարդի համալսարանի գիտնականների փորձերը ցույց են տվել, որ սուրճը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման և սրտային հիվանդություններ ունենալու ռիսկը, ինչպես նաև սուրճ խմելով հնարավոր է քաշը նվազեցնել։

Բժշկուհի Շ. Սաղաթելյանի խոսքով՝ սուրճը, իհարկե, ունի դրական հատկություններ, բայց կան նաև բացառություններ. «Սուրճի չչարաշահման դեպքում կարող է այն լավ անդրադառնալ և՛ ուղեղի աշխատանքի վրա, և՛ սրտային հիվանդություններից զերծ մնալու վրա, սակայն պետք է հաշվենկատորեն օգտագործել այն։ Սուրճի չարաշահման դեպքում կարող է դեմքին դեղնություն և անքնության առաջանալ, ինչպես նաև կարող է սիրտանոթային հիվանդություններ ունենալու վտանգն ավելանալ»։

Սա աղացած սուրճի մասին, իսկ լուծվող սուրճը, թերևս, բժշկուհին շատ խորհուրդ չի տալիս. «Ինչ վերաբերում է լուծվող սուրճին, ապա այն պետք է հնարավորինս հեռացնել ամենօրյա գրաֆիկից, քանի որ դրանցում շատ են օգտագործվում քիմիական հավելումներ, ինչպես նաև շաքարավազ, որոնք վնասակար են առողջությանը»։

Լուծումներ

Ինչքան էլ փորձեք դադարել սուրճ խմել, միևնույն է, դրա պակասը զգացնել է տալու, մանավանդ կոֆեինով հարուստ սուրճեր խմելու դեպքում։ Սուրճը չչարաշահելու և խնդիրների չբախվելու համար որպես այլընտրանք կարելի է սուրճը փոխարինել թեյով, որը նույնպես կոֆեին է պարունակում։ Մեկ այլ պարագայում կարելի է սուրճը խմել կաթով, որը կնոսրացնի սուրճի բաղադրությունը։ Իսկ լուծվող սուրճերի սիրահարներին պետք է հորդորել, որ շատ չխմեն դրանից՝ ցանկության դեպքում արհեստական հավելումներով սուրճերը փոխարինելով բնական հումքից պատրաստված՝ կրկին արագ եփվող սուրճի տեսակներոբ, որոնք համեմատաբար ավելի թանկ են։

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31