Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մոսիյան․ «Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը»

Հոկտեմբեր 30,2022 19:43

«ԱԺ արտահերթ նիստը եւ Վերածննդի հրապարակի հանրահավաքներն ունեն մեկ օրակարգ՝ արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել իր ազատ եւ անկախ ապրելու օրակարգին, ինչպես 30 տարի առաջ՝ արցախյան ազատագրման օրերին: Փոխվում են ժամանակները, իրողությունները, աշխարհակարգը, անփոփոխ է միայն արցախցու կամքն ու վճռականությունը՝ տեր կանգնելու իր պատմությանը, իրավունքներին, եկեղեցուն, շիրիմներին, հազարավոր նահատակված հերոսների արյամբ սրբագործված հողին ու հայրենիքին»,-այս մասին այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

Նա ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո երկիրը կանգնել է նոր իրողությունների եւ մարտահրավերների առջեւ:

Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, իրենք լուծել են այն, իսկ միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են տարբեր փաստաթղթեր, տարբերակներ, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան միջազգային իրավունքի համամարդկային նորմերը, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը. «Այդպիսի քննարկվող փաստաթղթերից մեկը վերջերս Հայաստանի Ազգային ժողովում պատռվեց մեր գործընկերոջ կողմից: Այո, մենք փաստում ենք՝ անընդունելի, պատռման եւ շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, ում կողմից էլ այն ներկայացված  լինի, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա պարունակում է 21-րդ  դարում նոր ցեղասպանության կամ  Արցախի հայաթափման վտանգ»:

Պատգամավորն ասաց, որ այս ամենը թույլ չտալու մեկ  ճանապարհ կա՝ համախմբվելը եւ տեր կանգնելը մեր իրավունքներին․ «Սա երկարատեւ պայքար է: Հայ ժողովրդից ավելի լավ ոչ մեկը չգիտի խաղաղության գինը, բաց  իրական խաղաղության հասնելու համար պետք է հրաժարվել խաղաղության պատրանքից, պետք է ձերբազատվել թույլի, անճարակի, արհեստական սերմանվող բարդույթներից   դրանք տարածող մարդկանցից։ Հաջողության կհասնենք միայն մեր իրավունքների համար աննահանջ պայքարով, համահայկական ներուժով, Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությամբ»։

Հիշեցնենք, որ այսօր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում ասվում է․ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետեւաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։

ԱՀ ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր հրավիրված, որին մասնակցում են Արցախի նախագահը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի 1-ից զբաղեցնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31