Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ «Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս»

Հոկտեմբեր 30,2022 19:20

«Այն փաստը, որ բոլորդ կանգնած եք այստեղ, պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին: Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված, առերեսվում ենք գոյաբանական վտանգների: Նաեւ Մայր Հայաստանը եւ Սփյուռքն են առերեսվում նման գոյաբանական վտանգների: Նրանց ապագան մեծապես կախված է Արցախից եւ արցախցուց»,- այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ այս ծանր իրավիճակից պատվով դուրս գալու համար պետք է աշխատել ներքին եւ արտաքին ոլորտներում․ «Ներքին ոլորտում ամենակարեւորը անտարբեր չլինելն է: Հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Կարծես թե անմեղ արարքն է՝ ի՞նչ է կախված ինձնից, մեկ մարդուց ոչինչ կախված չէ։ Այդպես են ոմանք մտածում։ Ո՛չ, յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, յուրաքանչյուրիցդ է կախված՝ լինելո՞ւ է հաղթանակ, թե՞ լինելու է պարտություն»։

Արտաքին ոլորտին անդրադառնալով՝ նա ասաց, որ մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ։ Բաբայանն ասաց, որ պետք է լինել սկզբունքային, տեղ տալ արհեստավարժությանը եւ հայրենասիրությունը․ «Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս: Մենք մերժելու ենք նման ցանկացած առաջարկ: Եթե այդպիսի առաջարկ  տարբեր միջազգային ատյաններից, երկրներից մեզ ներկայացնեն, մենք դա դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացեք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը, կա այդ ներուժը,եւ այդ ներուժը ձեզնից յուրաքանչյուրի մեջ է: Մի՛ հավատացեք, որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու»։

Նա ասաց, որ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի հիմա ունի ընտրության հնարավորություն․ «Կամ մենք պետք է պատմության մեջ մտնենք որպես ամենաանարժանապատիվ, ամենաթուլամորթ, ամենաանհայրենիք սերունդ, որի ժամանակ կործանվեց բիբլիական Արցախը, կամ մենք պետք է պատմության մեջ մտնենք որպես ամենահայրենասեր, սկզբունքային, իր պատմությունը հարգող սերունդ, որն անկախ բոլոր դժվարություններից՝ կարողացավ փրկել այս աստվածային հողակտորը։ Ես ավելի քան համոզված եմ, որ մենք կարողանալու ենք դա անել, որովհետեւ մենք ունենք Եռաբլուր, որովհետեւ մենք ունենք Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, որը նայում է այնտեղից։ Մեր ճակատագիրը միասնական է: Չի՛ լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետեւում, բոլորս միասնական պահելու եւ պաշտպանելու ենք Արցախը՝ անկախ բոլոր դժվարություններից։ Այդ հնարավորությունը կա՝ փրկելու Արցախը։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում եւ խաղաղապահ առաքելության բարդ գործը։ Երբ մենք ասում ենք, որ հայ եւ ռուս ժողովուրդները եղբայրական են, ի լուր աշխարհի ուզում ենք ասել՝  դա ուղղված չէ որեւէ  այլ պետության դեմ, որովհետեւ մենք ունենք սփյուռք: Եկեք բռունցքվենք, համախմբվենք ու չհուսահատվենք, կան բոլոր հնարավորությունները պահելու մեր երկիրը»։

Նշենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցում են Արցախի նախագահը, նախկին նախագահներ  Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի 1-ից զբաղեցնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։

Այսօր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում ասվում է․ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31