Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավոր․ «Ընդունելի ենք համարում խաղաղության պայմանագիր կնքելու Ռուսաստանի առաջարկները»

Հոկտեմբեր 30,2022 18:52

«Ամենաշատը մենք գիտենք խաղաղության գինը, հետեւաբար կողմնակից ենք խաղաղության պայմանագրի  կնքմանը, որը կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխավորման կարեւորագույն հիմքերից մեկը, սակայն դա չի կարող վտանգել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման  հեռանկարը եւ սահմանափակի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման արդյունքների լրիվ եւ անսակարկելի ճանաչման հնարավորությունը։ Այս համատեքստում մենք կարեւոր ենք համարում Ռուսաստանի Դաշնության ջանքերն ու գործուն քայլերը։ Ընդունելի ենք համարում խաղաղության պայմանագիր կնքելու Ռուսաստանի առաջարկները, որոնք վերջնականապես չեն լուծի խնդիրը, սակայն հնարավորություն են տալիս շարունակել մեր պայքարը հակամարտության արդարացի  կարգավորման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման համար, ինչին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը՝ փորձելով աշխարհին ներկայացնել, թե չկա ԼՂ հակամարտության խնդիր, այն իրենք լուծել են  ռազմական ճանապարհով, սակայն դա այդպես չէ»,- այս մասին այսօր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Ազատ Հայրենիք-ՀՀՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Նա ասաց, որ ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդներն, այնպես էլ արցախցիներն իրավունք ունեն ինքնորոշվելու եւ ազատ ապրելու․ «Սա պետք է գիտակցեն միջազգային հանրությունն ու բանակցային գործընթացում ընդգրկված բոլոր դերակատարները, հակառակ դեպքում դա նշանակելու է նոր աղետ եւ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն, որի պատմական պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանը եւ նրան սատարող  բոլոր ուժային կենտրոններն ու միջազգային կազմակերպությունները․ «Ուզում ենք ապրել ազատ ու անվտանգ հայրենիքում եւ  պատրաստ ենք պայքարել մեր իղձերի  իրականացման համար»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրվել է մեծ հանրահավաք, որին մասնակցում են Արցախի նախագահը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի 1-ից զբաղեցնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ այսօր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում ասվում է․ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    “Ղարաբաղա֊ադրբեջանական” չէ կոնֆլիկտը, այլ “ադրբեջանա֊ղարաբաղյան”, հարգելի պատգամավոր։ Եթե տարբերությունը չեք ընկալում, ուրեմն թողեք մանդատը։ Մարդիկ կրակը չեն ընկել դիլետանտների ձեռը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31