«Երբ փոքր էի, հորս ձեռքին նկարած մեծ առյուծն ինձ անչափ զարմացնում էր: Այն գեղեցիկ էր ու յուրահատուկ. ես հաճախ էի դիպչում առյուծին ու հետո էլ հորս սկսեցի ասոցացնել հենց առյուծի հետ»- պատմում է Արփինեն ու ավելացնում, որ հետո հասկացավ, որ հոր ձեռքին նկարված առյուծը դաջվածք էր, որը ռետինով անհնար էր մաքրել:
Այժմ որքան էլ մարդիկ դաջվածքներ անելը համարում են ժամանակակից, այն պատկանում է ամենահին ավանդույթների շարքին: Սեփական մարմինը տարբեր ձևերով զարդարելն ու ձևափոխելը տարիների ընթացքում արժանանալով քննադատությունների, չի վերացել, փոխարենը տարածվել ու հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին:
Սկզբում դաջվածքներն ունեցել են ծիսական, սոցիալական ու հասարակական կոնկրետ աստիճանին պատկանելու նշանակություն, բայց հետո լայն իմաստով մեծացել է դաջվածքների խորհուրդն ու նշանակությունը:
Լիլիա Վարդանյանը, որը 16 տարեկանից դաջվածքներ է անում, դաջվածքներ անելը համարում է շատ բարդ ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք, ինչն էլ իրեն ստիպել է ընտրել այս մասնագիտությունը: Այն հարցին, թե ամենակարևորն ինչ պետք է իմանա դաջվածք անողը, մասնագետը պատասխանում է.
Կարդացեք նաև
«Պետք է իմանալ յուրաքանչյուր կանոն, որովհետև մենք էլ ենք գործ ունենում մարդկանց առողջության հետ ու լուրջ պատասխանատվություն ենք կրում, ինչպես բժիշկները»:
Արդյո՞ք դաջվածքները բացասական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա. բժիշկ-մաշկաբանը պատասխանում է, որ որպես էդպիսին մաշկին վնաս չի հասցվում, միայն պետք է անպայման վստահ լինել, որ լավ ախտահանված գործիքներով են աշխատում: Բժշկական մեկ այլ տեսության համաձայն՝ դաջվածքները կարող են նույնիսկ քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ, քանի որ քիմիական նյութ է ներծծվում մարդու օրգանիզմի մեջ:
Ի՞նչն է մարդկանց դրդում դաջվածքներ անել. պատճառները բազմազան են ու տարբեր:
«Մաշկն այն սահմանն է, որը մեզ առանձնացնում է շրջապատից, իսկ դաջվածքները շատ հաճախ պատմում են այն, ինչ մարդը ինքը չի կարողանում պատմել: Սա ինքնաարտահայտման միջոց է շատերի համար»- ասում է հոգեբան Սոնա Սարգսյանը:
Շատ տարածված է դաջվածքներ անել մաշկին առկա սպիերը թաքցնելու համար, իսկ որոշների համար դաջվածք ունենալը պարզապես նորաձև է, և վերջինները շատ հաճախ չեն կենտրոնանում իրենց դաջվածքի բովանդակության ու նշանակության վրա: Կան նաև այնպիսիք, որոնց համար դաջվածքները կյանքի խորհրդանիշներ են համարվում: Համատեղ դաջվածք ունենալը շատ զույգերի համար սիրո արտահայտման ձև է:
Մասնագետների խոսքով՝ Հայաստանում վերջին պատերազմներից հետո մեծամասամբ դաջվածքներն ընտրվում են հենց այդ թեմայի մեջ:
«Պատերազմ նկարագրող պատկերներ, հրեշտակներ կամ խաչեր, ընկերոջ անուն և այլն, հիմնականում նախընտրությունն այսպիսինն է»- ասում է մասնագետ Լիլիան, իսկ տարիքային շեմի հետ կապված նշում, որ ամենակտիվը 17-19 տարեկանների շրջանն է:
Դաջվածքների հանդեպ մեծ է նաև բացասական վերաբերմունքը, հաճախ համարվում են սատանայական և ազգի դիմագծին ոչ համապատասխան:
Ոմանք իրենց մաշկն ու մարմինը սկսում են սիրել դաջվածքներով, իսկ ոմանք էլ այնքան շատ են սիրում իրենց մարմինը, որ նույնիսկ չեն մտածում դաջվածքների մասին: Հետաքրքիր է Քիմ Քարդաշյանի պատասխանը լրագրողի այն հարցին, թե նա ինչու դաջվածքներ չունի. «Քաղցրիկս, դու բենթլին կզարդարեի՞ր ինչ-որ տիպերով»:
Ժամանակի ընթացքում դաջվածքներ անող իգական սեռի ներկայացուցիչների թիվն ընդլայնվել է ՝ չզիջելով արական սեռին: Փոխվել են ոչ միայն դաջվածքների ընդգրկման շրջաններն, այլև ներկանյութերն ու գործիքները: Սպիտակ կամ գունավոր ներկանյութերով դաջվածքներն ավելի թանկ արժեն: Միջինում մեկ նույնիսկ փոքր դաջվածքը սկսվում է 10000 դրամից:
Երազանք, գեղեցկություն, նորաձևություն, անիմաստ արարք, սատանայություն, վնաս առողջությանը. ամենատարբեր բնութագրիչներ ունեցող դաջվածքը ինչպես լինելով, այնպես էլ չլինելով, բնութագրում է մարդուն, նրա տեսակն ու ներաշխարհը։
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ