Այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ և շարունակվում է նոր շեշտադրմամբ: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Արցախի թեմակալ առաջնորդի խոսքով՝ այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության և քաղաքակրթության կողքին. սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձևաչափի կողքին:
«Սիրելի՛ Հայրենակիցներ, իրապես Դուք հերոս ժողովրդի հերոս զավակներն եք: Այսօր Դուք մի կողմ եք թողել Ձեր բոլոր տեսակի անձնական նեղություններն ու դժվարությունները և եկել եք այստեղ՝ Վերածննդի հրապարակ, Ձեր հերոս նախնիների սրբազան կանչով, ովքեր սկսեցին Արցախյան շարժումը, որն հետո դարձավ պայքար ու գոյապայքար, որպեսզի ցույց տաք համայն հայությանը, որ Արցախը ապրում է եւ պիտի ապրի, քանզի ավետարանական խոսքի համաձայն մեր «Այո»-ն այո է, «Ոչ»-ը՝ ոչ: Ես, որպես թեմակալ առաջնորդ, ոչ միայն օրհնում, այլ նաեւ խոնարհվում եմ Ձեր նվիրական կեցվածքի առջեւ»,-Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր հրավիրված հանրահավաքի իր ելույթում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ այսօր ԱՀ ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել եւ ընդունել հայտարարություն, որում ասվում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում․ այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում․ «Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը»։
Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի կարողանանք ապրել ազատ, անկախ, ինքնորոշված Արցախում, եւ մեր այսօրվա խորհրդանշական հավաքը վառ ապացույցն է այն իրողության, որ արցախյան շարժումն ավարտված չէ եւ այն շարունակվում է նոր շեշտադրմամբ, որովհետեւ մենք ապրող ազգ ենք, եւ հակառակ տեսանելի եւ անտեսանելի թշնամիների, Արցախը պիտի ապրի եւ զորանա:
«1988-ի անկախության «Այո»-ն մնում է այժմեական եւ ավելի զորեղ, որպեսզի այն դառնա համախմբող ողջ հայության համար, պիտի դառնա հոգու ճիչ` անտարբերությունից հանելու շատերին եւ ճշմարիտ ճանապարհից շեղվածներին հետ դարձնելու, դառնա առ Աստված աղերս` փրկության եւ հավերժության համար: Վստահեցնում ենք Ձեզ, որ այսօր ողջ հայությունը Հայաստանում եւ սփյուռքում սպասում է արցախահայության որոշմանը, եւ ժողովուրդն իր օրենսդիր ղեկավարության հետ միասին կայացրել է այդ որոշում-հայտարարությունը: Ուստի մեզ մնում է, որ մեզնից դեն նետենք մեր միասնականությանն ու պայքարին խանգարող բոլոր տեսակի խոտելի ու խոցելի երեւույթները: Հագնենք Աստծո սպառազինությունը, հագնենք հավատքի պատմուճանը, վերցնենք առաքինությունների վահանն ու արդարության սուրը եւ դառնանք մեկ միասնություն, որն ,իրոք, հարիր է արցախցիներին, միասնաբար բռնենք արցախյան շարժման ռահվիրաների ձեռքը՝ շարունակելու մեր արդար պայքարը»:
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասաց՝ այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել-չլինելու, մեր ազգային արժանապատվության ու կորստի հարցը, մենք կյանքի եւ մահվան պայքարի մեջ ենք․ «Մեր ապրելու իրավունքը փորձում են որոշել առանց մեզ, չար ուժերը փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ եւ այս ամենին տալ «քաղաքակիրթ» ձեւակերպումներ: Բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի եւ բարու, խավարի եւ լույսի պատերազմ է, քոչվորի եւ տեղաբնիկի հարց է, որն ուզում են լուծել գաղտնի եւ առանց մեզ: Այսօր Արցախի հարցի լուծման միայն ու միայն մեկ տարբերակ կա՝ ազատ ու ինքնորոշված Արցախ: Ահա այդ համոզումով է, որ մենք արդեն իսկ 30 եւ ավելի տարիներ ասում ենք՝ «Այո» ինքնորոշմանը: Այսօր Արցախի կողքին լինել` նշանակում է լինել արդարության եւ քաղաքակրթության կողքին, սա է բանալին Արցախի հարցի լուծման, կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ ձեւաչափի կողքին: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է արցախահայության կողքին իր ազգընտիր Հայրապետով: Աղոթում եմ, որ Աստված օրհնի մեր միասնությունը, օրհնի մեր Արցախ աշխարհը եւ նրա ազատատենչ ոգին: Մեր շնորհակալությունն ու օրհնությունն ենք բերում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին եւ հրամանատարությանը, որ ապահովում են մեր ամենօրյա կյանքն ու խաղաղությունը մեր հողում: Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուս Ուղղափառ եկեղեցուն, որ այսօր իր հոգևոր «դեսպանությունն» ունի Արցախում, որտեղ ամեն օր աղոթք է բարձրացվում Ռուսաստանի եւ Արցախի համար: Լիահույս եմ, որ այս հոգեւոր դեսպանության հենքի վրա վեր կխոյանան բարեկամանական եւս երկու կարեւոր կառույցներ՝ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում»:
Եպիսկոպոսն ասաց, որ եթե մենք լինենք միասնական եւ ապրենք Աստվածահաճո կյանքով, ապա աստված չի ուշացնի Արցախի փրկության օրը։
Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցում են Արցախի նախագահը, նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի 1-ից զբաղեցնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ