Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Թովմասյան․ «Հուսով ենք՝ Սոչիում չի ստորագրվի փաստաթուղթ, որը հարվածի տակ կդնի արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը»

Հոկտեմբեր 30,2022 17:42

«Արցախը հայկական պահելու հանրահավաքի ամենակրտսեր մասնակից, ամենատարեց մասնակից, սա քո հանրահավաքն է եւ կազմակերպիչը դու ես: Եթե դու հիմա տանն ես, շտապիր տեղ զբաղեցնել Վերածննդի հրապարակում, քո խաղաղասեր խրամատում»,-այսպես այսօր ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ սկսեց իր ելույթը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Նա շարունակելով՝ ասաց․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռայիսիին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ ժողովրդին, այս փոքրիկ աշխարհատարածքն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու եւ գոյատևելու իրավունքը, որպեսզի արցախցին ապրի եւ արարի իր հայրենիքում, ճանաչեք Արցախի ինքնորոշման իրավունքը»։  ՛

Արթուր Թովմասյանի խոսքով՝ հայ ժողովրդի հավաքական ապագան այսօր որոշվում է նաեւ Արցախում։ Նա կոչ արեց հայ ժողովրդին նեցուկ կանգնել արցախահայությանը, շարունակել աջակցել նրա ազատագրական պայքարին եւ հասնել Արցախի ինքնորոշման լիակատար իրացմանը․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները զուրկ են պատմական, իրավական եւ բարոյական հիմքերից, քանզի Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել եւ չի կարող լինել։  Ներկայումս առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգությամբ ապահովումն է, որն իրականացնում են ՌԴ խաղաղապահ զորակազմն ու  Արցախի Հանրապետության պաշտպանության ուժերը։ Հավատացած ենք, որ աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին եւ մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարեւոր գործոն պետք է լինեն համաժողովրդական համախմբվածությունը եւ համերաշխությունը: Հավաստիացնում եմ՝ մենք շարունակելու ենք մեր ջանքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ ու արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։ Պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքներ, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի լուծման հեռանկարներից եւ կասկածի տակ դնում Արցախի գոյությունը։ Մենք պետք է տեր կանգնենք 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հանրապետության հռչակման օրվան, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին եւ 1992 թվականի հունվարի 6-ի անկախության հռչակագրին: Լիահույս ենք, որ Սոչիի եռակողմ հանդիպմանը չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կանտեսի արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը եւ սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Թովմասյանը հայտարարեց՝ մեր ընտրած ճանապարհն այսօր անշրջելի է, քանի որ այն արդար է եւ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ, Արցախը եղել է, կա, ու լինելու է։

Հիշեցնենք, որ այսօր  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում հայտարարություն է ընդունվել, որում ասվում է․ «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։
Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31