«Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են ողջ հանրության ջանքերի եւ կարողությունների կենտրոնացում։ Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո փոխվել է ոչ միայն տարածաշրջանային ուժային բալանսը, այլեւ՝ միջազգային անվտանգության ճարտարապետությունը»,- այս մասին այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ պայմանավորված աշխարհում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներով, նոր պատերազմներով, լարվածության օջախներով՝ այդ ռազմական սպառնալիքները պահանջում են ինչպես պետության կողմից զինված ուժերի պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում, մարտունակությանն ուղղված հետեւողական գործունեություն, այնպես էլ սփյուռքի լայնածավալ աջակցություն եւ ներգրավվածություն՝ տարբեր հարթություններում մեր երկրի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։
Պապիկյանը հայտարարեց՝ 44-օրյա պատերազմից հետո զինված ուժերում իրականացվել է պատերազմից քաղված դասերի վերլուծություն, որի հիման վրա մեկնարկել է ԶՈւ-ի համակողմանի բարեփոխման գործընթաց, զինված ուժերի պատրաստությանը, գործունեությանն ու ապահովմանն առնչվող ոլորտները ենթարկվում են արմատական փոփոխությունների, որոնք ուղղված են բանակը վերափոխելու, արհեստավարժ, մոտիվացված, արագաշարժ, ժամանակակից սպառազինությամբ եւ պատերազմական ճկուն գործիքակազմով բանակի։ Նախարարը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությամբ հիմքեր են ստեղծվել պարտադիր ծառայության համակարգից դեպի արհեստավարժ բանակ անցում կատարելու համար․ «Առաջիկայում մենք օրենսդրական այդ փաթեթը կներկայացնենք Ազգային ժողովին խորհրդարան, հավանություն ստանալուց հետո հունվարի 1-ից կմտնի գործողության մեջ»:
Պապիկյանի վստահեցմամբ՝ շարքային եւ սպայական կազմի պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք փոփոխություններ ռազմական կրթության համակարգում, գործարկվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը։
Նախարարի խոսքով՝ նշված բարեփոխումների իրականացման գործում ԶՈւ-ին շոշափելի աջակցություն կարող է ցուցաբերել հայկական սփյուռքը, որի ներուժը մեր ընդհանուր նպատակին չներգրավելն անթույլատրելի է։
Կարդացեք նաև
Նախարարն ասաց՝ անգնահատելի է սփյուռքի մասնակցությունը ՀՀ տնտեսությանը, ռազմական գործողությունների ընթացքում սփյուռքի աջակցությունը, սակայն նաեւ նկատեց՝ Հայաստանի անվտանգային խնդիրներում Սփյուռքի ներգրավվածության մակարդակը, մեղմ ասած, բավարար չէ:
«Պատերազմի ընթացքում ֆինանսական նույնիսկ մեծ միջոցների արագ ներգրավումը չի կարող իր անմիջական արտացոլումը գտնել ուժեր հարաբերակցության մեջ՝ հաշվի առնելով պատերազմի դինամիկ բնույթը եւ ժամանակի գործոնը։ Այս տեսանկյունից սփյուռքի ներուժի ներգրավումն առավել արդյունավետ կլինի խաղաղ ժամանակ կոնկրետ նախագծերի իրականացման նպատակադրմամբ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն օգնությանը, այլեւ այդ օգնությունը երկարաժամկետ եւ ինտելեկտուալ հենքի վրա դնելուն»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ պատերազմը և դրան հաջորդող ժամանակահատվածը, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման համար սեփական ռազմական արդյունաբերություն ունենալը հրամայական է: Գիտական, մասնագիտական,, կրթական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում սփյուռքի հսկայական ներուժի նպատակային ներգրավումը պաշտպանության եւ անվտանգային կարիքների հաշվառմամբ կարող է նշանակալիորեն բարձրացնել Հայաստանի պաշտպանության եւ անվտանգային համակարգերի մակարդակը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ միավորենք մեր ջանքերը ողջ հայության ռեսուրսներն ու կարողությունները հայրենիքի հուսալի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով։ Որպես ՀՀ պաշտպանության նախարար, գտնում եմ, որ պետք է օգտագործենք աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը, համագործակցության նոր եզրեր փնտրելու եւ համատեղ նախագծերին համակարգված բնույթ տալու համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ