Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ թիմերն առաջատար հորիզոնականում են

Հոկտեմբեր 30,2022 13:41

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթի՝ «ICPC»-ի («ԱյՍիՓիՍի»)՝ Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր բուհերից 17 մրցութային և 2 արտամրցութային թիմեր: Այս փուլի արդյունքներով՝ ԵՊՀ-ն ներկայացնող «Yerevan SU-1» (1-ին հորիզոնական) և «Yerevan SU-X» (2-րդ հորիզոնական) թիմերն անցան կիսաեզրափակիչ փուլ:

ԵՊՀ ծրագրավորման օլիմպիական թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի պետական համալսարանի հինգ թիմերից յուրաքանչյուրը պատրաստվել էր լավագույնս: Նրա խոսքով՝ թիմերն ունեն գիտելիքների առավելագույն պաշար եզրափակիչ փուլ անցնելու համար:

«Yerevan SU-1» թիմի անդամները՝ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը և Դավիթ Մարգարյանը, մրցույթին մասնակցելու փորձ ունեն: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենք թիմային աշխատանքի կողմնակից են, և բարդագույն ու հետաքրքիր խնդիրների լուծումներ գտնելու ընթացքը շատ մոտիվացնող է:

Սամվելն ասաց, որ կարևորում է ուսանողների՝ տարաբնույթ մրցույթների, տվյալ դեպքում ինֆորմատիկայի միջազգային և ամենահեղինակավոր մրցույթին մասնակցությունը, որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է ծրագրավորման որևէ լեզվի տիրապետել, գիտելիքներ ունենալ ալգորիթմներից ու տվյալների կառուցվածքներից:

«Մեր թիմը դեռևս դպրոցական տարիքից զբաղվել է ծրագրավորմամբ և դպրոցական միջազգային օլիմպիադաների մասնակցելով՝ գրանցել հաջողություններ: Այս անգամ ևս բավականին լավ ենք պատրաստվել, մարտական ենք տրամադրված»,- նշեց Սամվելը:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Նելլի Վարդանյանը և Աստենիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով մրցույթին մասնակցելու հնարավորության մասին, որոշել են փորձել իրենց ուժերը: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ավագ ընկերների հաջողություններն ավելի են ոգևորում, և մեծ սպասելիքներ ունեն: Միաժամանակ մեծ է պատասխանատվությունը՝ անելու ամեն բան, որպեսզի ԵՊՀ թիմը նախորդ տարվա նման գրանցի մեծ հաջողություններ:

ԵՊՀ ասպիրանտ Լևոն Մուրադյանը «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային մրցույթին մասնակցել է վեց տարի անընդմեջ և երկու անգամ անցել է եզրափակիչ փուլ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս տարի ևս կան ուժեղ թիմեր, որոնք վստահաբար կհասնեն մինչև եզրափակիչ փուլ:

«Կարծում եմ՝ թիմերում ընդգրկված են այնպիսի ուսանողներ, որոնք համատեղ թիմային աշխատանք կատարելու շնորհիվ կգրանցեն բարձր արդյունքներ: Պարզապես աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է ուշադիր լինել»,- ընդգծեց Լևոնը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ թիմը 2022 թ. ապրիլին «ICPC» («ԱյՍիՓիՍի») ծրագրավորման միջազգային օլիմպիադայում գրանցել էր աննախադեպ արդյունք՝ արժանանալով բրոնզե մեդալի:

 

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31