Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ ՀՀ դեսպանատների կայքերում հայրենադարձության մասին տեղեկություններ  չկան»․ Վարդան Մարաշլյան

Հոկտեմբեր 30,2022 13:31

Հնարավո՞ր է արդյոք հայրենադարձության շնորհիվ 10-15 տարվա ընթացքում 500 հազարից մինչեւ 1 միլիոն ավելացնել Հայաստանի բնակչությունը։  Այս հարցով մեկնարկեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովի այսօրվա պանելային առաջին քննարկումը, որի թեման հայրենադարձությունն ու ժողովրդագրությունն է։

Միգրացիոն ծառայության  պետ Արմեն Ղազարյանը թերահավատ է, որ 10-15 տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը հայրենադարձության շնորհիվ կարող է աճել  500 հազարից մինչեւ 1 միլիոն։  Նա քննարկման ժամանակ ասաց՝ խնդիրները շատ են՝ սկսած տնտեսականից մինչեւ սոցիալական։

ՀՀ-ում ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն, ի տարբերություն, Ղազարյանի, լավատես է։ Հնչած հարցին ի պատասխան, Տեր-Մինասյանն ասաց՝ դա հնարավոր է, բայց դրան հասնելու  համար հսկայական ջանքեր են պահանջվում, համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ, եւ  հաղորդակցություն։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն էլ հավելեց՝  հնարավոր է լավ ցուցանիշներ ունենալ․ «Այս տարվա ցուցանիշները բացառիկ են լինելու Հայաստանի երեսուն տարվա  պատմության  համար, եւ եթե կարողանանք ունենալ նման ցուցանիշներ՝ միջազգային իրավիճակը, աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված, իրականությունն ի շահ Հայաստանի օգտագործել՝ ներգաղթ կազմակերպելու իմաստով,  հաջող ինտեգրման հնարավորության դեպքում կարող ենք լավ ցուցանիշներ արձանագրել»։  Նա  ասաց, որ հայրենադարձության մասին օրինագիծն արդեն շրջանառության է դրվել կառավարությունում, ինտեգրման կենտրոն էլ, որը հանձնակատարի գրասենյակն է նախաձեռնում,  սրանք հնարավորություն են  լավ ցուցանիշներ արձանագրելու համար։

 

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի կարծիքով էլ՝ նման ցուցանիշի հասնելը դժվար է, բայց՝ հնարավոր։  Նրա խոսքով՝կան երկրներ,  որոնք նման փորձ ունեցել են, օրինակ՝ Իսրայելը։ Այս երկրին հաջողվեց  88-93 թվականներին հայրենադարձել 1,2 մլն սովետական հրեա,  իսկ քառասունականներին՝ մոտ 800 հազար հրեա՝ արաբական երկրներից՝ շատ ավելի վատ պայմաններում։

«Պետք է կոնսոլիդացիա սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, միայն Հայաստանը չի կարող նման գործընթաց կազմակերպել։ Պետք է այլ տեսակի համակարգային եւ ֆինանսական համագործակցության հիմքեր եւ վստահություն։ Միջազգային իրավիճակն էլ կարեւոր է, թե այն երկրներում, որտեղ ապրում են մեր հայրենակիցներն, ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Որքան ավելի բարդ է իրավիճակն, այնքան  ավելի, որոշ չափով, բարենպաստ է Հայաստանի համար։ Պատուհանները պատմության մեջ քիչ են լինում, մենք վատ ենք դրանք օգտագործում»,-ասաց Մարաշլյանը։

Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Հայաստան վերադարձից հետո որոշ ժամանակ սփյուռքի հարցերով փոխնախարար է աշխատել, ասաց՝  այն ժամանակ էլ հայրենադարձության մասին օրենքի նախագիծ կար, մինչ օրս այն թղթի վրա է։

Մարաշլյանը հայրենադարձության խնդիրները երեք մասի բաժանեց․ նախ՝ հայրենադարձության մասին գաղափարն ու մշակույթը․«Սփյուռքում չկա հստակ գիտակցում եւ չկա քաղաքականություն՝ ո՛չ կրթական համակարգում, ո՛չ եկեղեցին երիտասարդության մեջ չեն ներմուծում այն գաղափարը, որ դու քեզ պետք է փորձես Հայաստանում եւ  ոչ որպես զբոսաշրջիկ, յուրաքանչյուր երիտասարդ պետք է պատկերացնի իրական Հայաստանը, ոչ թե պատմական։  Տարբեր նախագծեր կան պետական եւ ոչ պետական, այստեղ կոնսոլիդացիա պետք է լինի, որպեսզի կարողանանք մեծ թվով հայեր բերենք, եւ  կյանքի վեց ամիսը անցկացնեն Հայաստանում, առնվազն դա պետք է անենք, որպեսզի մնան հայ, հետո որոշեն՝ ուզո՞ւմ են մնալ, թե՝ ոչ»։

Մյուս խնդիրն, ըստ բանախոսի, հետեւյալն է՝ մարդիկ երբ տեղափոխում են Հայաստան, ՀՀ-ն չի առաջարկում որեւէ գրավիչ ինտեգրման փաթեթ։ Կան հետաքրքիր նախագծեր, անձնական իրերը բերել, կարգավիճակ ստանալ, այս առումով վատ չէ վիճակը, բայց գրավիչ էլ չէ․«Ինտեգրման տնտեսական փաթեթներ դեռեւս չկան։ Պետությունը պետք է կարգավորի, գործընթացներն այնպես անի, որ մատչելի եւ հասկանալի լինեն։ Նույնիսկ ՀՀ դեսպանատների կայքերում հայրենադարձության մասին տեղեկություններ  չկան»։

Մարաշլյանի խոսքով ՝ հայրենադարձությանն առնչվող մյուս խնդիրն էլ երկարաժամկետ մնալու խնդիրն է, հուսալիությունը, որ կախված է նրանից, թե արդյոք մարդիկ աշխատանք գտնում են, եկամուտների մակարդակը, անշարժ գույքի շուկան։ Նա ասաց, որ ճիշտ լուծումներ են հարկավոր, որոնք ուղղված կլինեն ոչ միայն Երեւանին։ Նա նորից Իսրայելի օրինակը բերեց, նշեց՝  հայրենադարձվածները գնում են Պաղեստինի հետ սահմանին ապրելու, որովհետեւ այդ դեպքում աջակցության ավելի լուրջ փաթեթներ են առաջարկում։

Միգրացիոն ոլորտում հիմնական մարտահրավերներն ինստիտուցիոնալ են, եւ ինչպես Արմեն Ղազարյանն ասաց, միգրացիոն համակարգը պատրաստ չէ ընդունել մեծ քանակության ներհոսք դեպի ՀՀ՝ լինի դա հայրենադարձություն, թե՝ օտարերկրացիների․«Ինստիտուցիոնալ կառուցակարգերը տեղում չեն»։

Հովհաննես Ալեքսանյանն էլ նշեց՝ այս պահին, այսպես ասած՝ դասական սփյուռքին ներկայացվող ինտեգրման փաթեթներ ՀՀ կառավարությունը չունի։ Նա նշեց, արտերկրում արտաքին իրավիճակներում հայտնված հայկական համայնքներին որոշակի օգնություն են տրամադրել,տեղափոխել Հայաստան։ Նա օրինակ բերեց լիբանանահայությանը, նաեւ Ուկրաինայից ՀՀ ժամանող մեր հայրենակիցների ինտեգրման ծրագիր են իրականացրել՝ այլ կազմակերպությունների աջակցությամբ, որից օգտվել է 334 ընտանիք․«Սա Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի բյուջեում պետք է առանձնացվի նման իրավիճակների համար միջոցներ»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31