Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց շնորհիվ է, որ մենք կանք, եւ մենք պետք է արդարացնենք մեր լինելը՝ մեր գործելաոճով, մեր ապրելակերպով, մեր արարումով…»

Հոկտեմբեր 30,2022 12:38

Այս տարի սեպտեմբերին ավարտվեցին Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք սկսվել էին դեռեւս նախորդ տարվա ապրիլին: Այդ ընթացքում կառուցվել են հենապատեր, տեղադրվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս-նահատակների շիրմաքարերը, տարածքը բարեկարգվել, կանաչապատվել եւ լրացվել է լուսավորման համակարգով: Տարածքում տեղադրվել է նաեւ «Լուսո խորան» հուշակոթողը՝ նվիրված հանուն հայրենիքի իրենց կյանքը տված հերոսների հիշատակին:

Պանթեոնը մաքրամաքուր էր, բոլոր շիրմաքարերը՝ հավասար եւ զուսպ:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ասրյանն ասում է, որ այս հուշահամալիրի կառուցման ժամանակ Արցախի իշխանությունները, Ստեփանակերտի քաղաքապետարանը, շինարարական կազմակերպությունները, բոլոր-բոլորը մի բռունցք էին դարձել եւ միահամուռ ուժերով հասել են նման արդյունքի. «Արման Հակոբջանյանի ղեկավարած «Կապավոր» շինկազմակերպությունը, Ռուբեն Շահրամանյանի ղեկավարած «Էլնարտի» ընկերությունը իսկապես մեծ ջանք ու եռանդ են ներդրել, որ ունենանք մեր տղաներին վայել պանթեոն: Ի սկզբանե մի սկզբունք էր դրված մեր առջեւ, որ բոլորը հավասար պիտի լինեն, որովհետեւ բոլորը մի գաղափարի համար են զոհվել՝ հանուն Հայրենիքի, եւ ինչպես տեսնում եք, կարողացանք համատեղ ուժերով հասնել այդ նպատակին: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Արման Հակոբջանյանին եւ Ռուբեն Շահրամանյանին, մյուս բոլոր պատասխանատուներին, որոնք այն ծանր ժամանակներում, երբ ծնողները հուզված, սթրեսային վիճակում էին, ինչ-որ բան իրենց աչքին միշտ այն չէր երեւում, լարված իրավիճակում կարողացան պատվով կատարել այս գործը: Ծնողների հետ աշխատանք էր տարվում, որ ավելորդ ճոխություններ չթույլատրենք, որ պետք է լինի զուսպ, համեստ, արժանապատիվ, մեր տղաներին վայել վայր: Շինարարության ավարտից հետո ստեղծվեց նաեւ «Սպասարկում» ՊՈԱԿ, որի տնօրենը մեր զոհվածների ծնողներից է՝ Արթուր Բարսեղյանը, կան աշխատակիցներ, որոնք մշտապես հետեւում են հուշահամալիրի տարածքին, որ ամեն ինչ հավուր պատշաճի լինի: Եկող տարի կբարեկարգենք նաեւ տարածքի մյուս հատվածը, որտեղ ամփոփված են արցախյան առաջին պատերազմի զոհերի աճյունները, եւ կունենանք մեկ ընդհանուր բարեկարգված հուշահամալիր: Այս պանթեոնը մեր արցախյան գոյապայքարի դեմքն է, այստեղ են ամփոփված ե՛ւ 44-օրյա պատերազմի ե՛ւ առաջին պատերազմի տղաները: Իրենց շնորհիվ է, որ մենք կանք, եւ մենք պետք է արդարացնենք մեր լինելը՝ մեր պահվածքով, մեր գործելաոճով, մեր ապրելակերպով, մեր արարումով»:

Պարոն Ասրյանի որդին՝ Արթուրն էլ է 44-օրյա պատերազմի զոհերից: Նա «Ցորի» հրետանավորներից էր:

Արմեն Ասրյանը պատմում է, որ պատերազմի առաջին օրերին, երբ Արցախը շոկային, կաթվածահար վիճակում էր, իրենք ստեղծեցին «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպությունը, որի առաջին գործը եղավ պատերազմի զոհերի թվային տվյալների ճշգրտումները:

«Կատարվել է մեծ աշխատանք: Ամբողջ ընթացքում այցելել ենք զոհերի հարազատներին, եղել ենք բազմաթիվ բնակավայրերում: Արդյունքում հստակ թվային տվյալներ ենք հավաքագրել Արցախի տված զոհերի մասին՝ 764 զոհ: Ցավոք սրտի, Հայաստանի տվյալները մենք չենք կարողացել ամբողջապես ճշգրտել: Արցախում այսօրվա դրությամբ ունենք նաեւ 31 զինծառայող, ում ճակատագիրը պարզ չէ եւ եւս 21 անհայտ կորած քաղաքացիական անձ: Իսկ Հայաստանի հետ միասին այդ թիվը շատ ավելի մեծ է՝ 203-205: Մեծ ցավով պիտի նշեմ, որ այսօր անհայտ կորածների հարցը լրիվ սառեցված է,սայլը տեղից չի շարժվում: Քաղաքականացված վիճակ է: Ադրբեջանական կողմը ժխտում է, ասում է՝ չունենք եւ վերջ: Ինչպես նաեւ՝ արդեն ութ ամիս է, որ որոնողական աշխատանքներն էլ են դադարեցված, թեեւ կան տեղեկություններ որոշ վայրերի մասին, որտեղ չի բացառվում, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեն գոնե մասունքներ»:

 

Պարոն Ասրյանն ասում է, որ Ադրբեջանի վարքը՝ չվերադարձնել գերիներին կամ դիակներին, չի տեղավորվում որեւէ բարոյական, մարդկային նորմերի մեջ. «Դե իսկ այս տարվա սեպտեմբերի 13-ին կրկին տեսանք այդ երկրի վայրագությունները, որը որեւէ բանական բացատրություն, որեւէ կոնվենցիայի, մարդկայնության սահմաններում չի տեղավորվում: Ադրբեջանը ցույց տվեց իր իրական դեմքը, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո մի ամիս շարունակ չէր վերադարձնում զոհվածների մասունքները, թույլ չէր տալիս դիերը վերցնել: Զոհվել է մարդը, վերջ, էլ չկա այդ մարդը, դիակը ինչո՞ւ չեք տալիս, ինչո՞ւ չեք թողնում այդ մարդկանց մասունքները հանենք տարածքից… ոչ մի նորմերի մեջ չի տեղավորվում այդ վարքագիծը: Ամբողջ միջազգային հանրությունը պետք է դա իմանա: Եվ դեռ մեզ ասում են՝ միասին ապրե՞ք: Ո՞նց կարող ենք մենք նրանց հետ միասին ապրել: Դա անհնար է…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31