Ազգային-ժողովրդավարական բեւեռ քաղաքական կազմակերպությունն այսօր հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում, որի գլխավոր թեման էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրելու գործընթացում ո՞վ կլինի գլխավոր վերահսկողը` Արեւմո՞ւտքը, ԱՄՆ-ն, թե՞ Ռուսաստանը: Այլ կերպ ասած`կողմերը ո՞ր տարբերակը կընտրեն` Վաշինգտոնի, թե՞ Մոսկվայի:
ԱԺԲ համակարգող մարմնի անդամ Գարեգին Չուգասզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ամեն անգամ, երբ մենք հավաքվում ենք այստեղ, որոշակի այլընտրանքային լուծումների ջահ ենք պահում, որ որեւէ այլ տեղից չեք լսի: Բացի դրանից, ինքը նաեւ ժողովրդի համար ինքնակազմակերպման միջոց է, որով ժողովուրդը ազգ է դառնում: Երբ այդ պահը գա, իսկ մենք այդ պահին մոտենում ենք, որն արտակարգ իրավիճակ է ենթադրելու, եւ ժողովուրդն ամբոխի նման լցվեց փողոցներում, իրեն շատ հեշտությամբ կարելի է տանել մի ուրիշ ուղղությամբ: Դրա համար մեզ պետք է գիտակից եւ կազմակերպված ժողովուրդ: Այս հավաքները ժողովրդին դարձնում են քաղաքականապես գիտակից եւ կազմակերպված` ճակատագրական պահի համար:
Այսօրվա հանրահավաքի թեման Սոչիում կայանալիք հանդիպումն է, նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգների կոնգրեսի ընտրությունները, նոյեմբերի 15-ի Ֆրանսիայի սենատի հայաստանանպաստ որոշումները եւ գալիք G 20-ի հավաքը:
Կարելի է ասել համաշխարհային լուրջ տեկտոնիկ փոփոխությունների շեմին ենք գտնվում: Եվ այսօրվա մեր ռազմավարական կարեւոր անցուդարձի մեջ մտնում է այն իրավական-քաղաքական ժառանգությունը, որին մենք պետք է տեր կանգնենք: Պետք է հրաժարվենք որեւէ ձեւով չհիմնավորված ինչ-որ փաստաթղթեր ստորագրել: Պետք է նախադրյալներ ստեղծենք նոր արտաքին քաղաքական վեկտորի համար, որ որդեգրելու է նոր Հայաստանը: Եվ այդ ճանապարհը հեշտ չենք անցնելու:
Կարդացեք նաև
Ներկայիս իշխանությունը ժողովրդի հետ բավարար անկեղծությամբ չի խոսում, չի նախապատրաստում այն անխուսափելի դժվարություններին, որոնցով անցնելու ենք, բայց որից հետո մեզ լավ ժամանակներ են սպասվում»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:
Հարցին, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու հարցում ԱԺԲ-ի եւ գործող իշխանության դիրքորոշումը համընկնո՞ւմ է, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց. «Ողջունելի կլիներ իրենց արածները, ասենք, Զատուլինին կամ Մարգարիտա Սիմոնյանին անցանկալի անձ համարելու իմաստով ձեւական չլիներ: Որովհետեւ նույն Մարգարիտա Սիմոնյանը հիմա առանց Հայաստան գալու, անարգել ամեն հայ ընտանիք եւ բնակարան է մտնում հեռուստացույցով: Եվ եթե իրականում այդ պատժամիջոցը ազնիվ է եւ ձեւական չէ, կարելի էր ռուսական հեռուստաալիքները փակել: Եթե արեւմտամետությունը իրական է, պետք է իշխանությունը քայլեր անի, ոչ թե զուտ օդի տատանումներ:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի` մեկ Մոսկվա, մեկ Բրյուսել թեքվելուն, մենք բազում անգամներ տեսել ենք Փաշինյանի խոսքն ու գործը. Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո մի քայլանի կոմբինացիայով ասում է` Արցախի մասին կարող ենք այլեւս չխոսել: Այդ մի քայլանի կոմբինացիաներն արդեն այնքան շատ են, որ չես կարող վստահել: Դրա համար, եթե ժողովուրդը իր իրավունքներին տեր չկանգնի, չպահանջի, նշանակում է` ղեկը տվել է, ռուսերեն ասած, մի ֆլյուգերի, որը պտտվում է այնպես ինչպես փչում է քամին: Այդ անձի մեջ Հայաստանի սուբյեկտայնություն չկա, ինքը չի կանգնած երկրի շահերի սպասարկման դիրքում որպես ողնաշար: Իսկ դա նման է մատնոց խաղացնողի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ