Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Կոպալյան․ «Մենք Ադրբեջանի հետ շարունակ ունենալու ենք սառը պատերազմ»

Հոկտեմբեր 29,2022 19:57

Խաղաղության պայմանագրի երկու տարբերակները՝  արեւմտյան եւ ռուսական, ավելի շատ կոնցեպտներ են, կոնկրետ փաստաթղթեր չկան, եւ բնականաբար, երկուսն էլ նախընտրելի չեն Հայաստանի համար, բայց ունենք ներկայիս իրավիճակը, որը ստիպում է մեզ աշխատել այդ երկու մոտեցումների հետ։ Այս մասին այսօր համաշխարհային հայկական գագաթնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Նեւադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի առաջարկը՝ Արցախի հիմնահարցի լուծումը հետաձգելը, արդյունք չի տալիս, մոտ երեսուն տարի հետաձգել էինք, եւ եղավ այն, ինչ եղավ․«Հետաձգումը Ադրբեջանի համար պատճառ է, որ շարունակի հարձակվել Հայաստանի վրա, Արցախի անվտանգությունն ավելի բարդացնի։  Վաշինգտոնի առաջարկած մոտեցումը նորից բացարձակ չէ, այդտեղ նույնպես բանակցության տեղ կա։ Ներկա պահին պարզ չէ՝ ի՞նչ հիմքեր կան, որոնք պետք է քննարկվեն։ Խնդիրը հետեւյալն է՝ այս փաստաթղթերի մասին, որ խոսում ենք, ի՞նչն է նպատակը։ Եթե   խոսում ենք այն մասին, որ այդ փաստաթղթերը ճանապարհ կստեղծեն խաղաղության, պետք է  հարց տանք՝ ի՞նչ նկատի ունենք խաղաղություն հասկացողությունով։ Եթե կնքելով այս փաստաթուղթն՝ ունենալու ենք խաղաղություն, որտեղ լայնածավալ պատերազմ չի լինելու, դա սահմանների մեջ ընդունելի է։ Բայց մենք շարունակ ունենալու ենք սառը պատերազմ Ադրբեջանի հետ, որովհետեւ   կարեւոր չէ՝  ինչ պայմանագիր կկնքենք, տեւականորեն հիբրիդային տարբեր խնդիրներ են ստեղծելու»։

Անվտանգության տեսանկյունից, ըստ Կոպալյանի, անորոշ վիճակ է, դիվանագիտական տեսանկյունից՝ որոշակի դրական վիճակ է, բայց կրկին  ոչինչ հստակ որոշված չէ․«Բոլոր աշխատանքները, որ գնում են խաղաղության շուրջ, հարց է առաջանում՝ դրա հեռանկարը ո՞րն է։ Երբ սկսում ենք քննարկել՝ Վաշինգտո՞ն, թե՞ Մոսկվա, հարց է  առաջանում՝ բա Երեւանի եւ Ստեփանակերտի շահե՞րը»։

Նրա խոսքով՝  Արցախի հարցը բարդ խնդիր է, որովհետեւ եթե մենք ընդունում ենք, որ Երեւանն Արցախում շատ ազդեցություն չունի եւ հասկանում ենք, որ կոպիտ ասած՝ Արցախը դարձել է Ռուսաստանի գաղութ, այնտեղ դինամիկան փոխվում է․«Դրա համար պետք է ճիշտ հասկանանք՝ Ստեփանակերտում քաղաքական ուժերը ո՞ւմ են ենթարկվում, անվտանգությունն ով է ապահովում եւ Երեւանն ինչքան կարողություն ունի ազդելու այս պրոցեսին»։

Կոպալյանի դիտարկմամբ՝ երեսուն տարի անտեսել ենք մեր անվտանգության ճարտարապետությունը, կարողությունը եւ այսօրվա իրավիճակը դրա հետեւանքն է․«Այս ուժային անհավասարությունը, որը Ադրբեջանին թույլ է տալիս անել այն, ինչ անում է, դա մեկ կամ հինգ տարում չեղավ, տեւական ժամանակ ուժային անհավասարություն է ստեղծվել։ Մի իրավիճակ  է, որ Հայաստանը գտավ, որ իր անվտանգային ճարտարապետությունը, որը երկար ժամանակ Ռուսաստանի վրա էր հիմնված, դա արդյունք չտվեց, եւ հիմա Հայաստանը մենակ է։ Խնդրի լուծումը Հայաստանի ուժերից դուրս է, դրա համար էլ խնդիրն այսքան բարդ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31