Ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն այսօր՝ 2022թ. հոկտեմբերի 29-ին, կրկին հանդես է եկել հակաարցախյան դատողություններով, մասնավորապես, հայտարարելով, որ «…միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս»:
Հարկ է նշել, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառներով.
2022թ. հունիսի 8-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Անվտանգությունն արևելյան գործընկերության տարածաշրջանում և անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» վերնագրով բանաձև, որտեղ, խոսելով ադրբեջանաարցախյան հակամարտության մասին, մասնավորապես, արձանագրել է հետևյալը.
- 44-օրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը, ինչը հիմնովին փոխել է Հարավային Կովկասում քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոն՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների:
- Ադրբեջանաարցախյան հակամարտությունը չի կարգավորվել:
- …Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է և 2022 թվականի մարտի 8-ին վիճելի տարածքը (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.) մնացել է առանց էներգակիրների հասանելիության՝ Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում:
Այսինքն՝ Եվրոպական խորհրդարանը, որպես միջազգային հանրություն, Արցախը համարում է վիճելի տարածք, այլ ոչ թե՝ ադրբեջանապատկան, ինչպես հայտարարել է ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը:
Կարդացեք նաև
Այս ամենի հետ միաժամանակ անհրաժեշտ է նշել նաև, որ 2020թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև, որով, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովն ընդունել է «Հայ ժողովրդի և Եվրոպայի ու Արևելքի քրիստոնյա համայնքների պաշտպանության մասին» բանաձև, որով նույնպես կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Հիմք ընդունելով Ֆրանսիայի Հանրապետության օրենսդիր մարմնի երկու պալատների նշված բանաձևերը՝ կարող ենք պնդել, որ Ֆրանսիան խորհրդարանի մակարդակով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ միջազգային հանրությունը և առնվազն մեկ պետություն պառլամենտի մակարդակով Արցախը չեն համարում Ադրբեջանի մաս:
Հետևաբար, ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշը վերստին ստում է և մոլորեցնում՝ հայտարարելով, թե «…միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս»:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ