Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան․ «Ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը երբեւէ քաղաքական բանակցությունների մեջ կմտնի Ստեփանակերտի հետ» 

Հոկտեմբեր 29,2022 19:05

«Արցախի հիմնախնդրի լուծման երկու մոտեցում կա՝ եղած ստատուս քվոն պահպանելն է, որին նաեւ ռուսական տարբերակ են ասում․ ռուսաստանցի համանախագահի առաջարկած փաստաթղթում համապատասխան կետ կա, որ երկու կողմերը հետաձգում են հարցի կարգավորումը մինչեւ, այսպես ասած, լավ ժամանակները։ Երկրորդ մոտեցումը՝ արեւմտյանը, ենթադրում է Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմում։ Սա է իրենց պատկերացմամբ հարցի լուծումը»,-այս մասին այսօր համաշխարհային հայկական գագաթնաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Նրա ներկայացմամբ՝ արեւմտյան տարբերակն Արցախի համար անընդունելի է․ «Այս փուլում ավելի ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը մինչեւ հարցի վերջնական լուծումն՝ արդեն մեր օգտին»։

Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարել է՝ մեզ համար անընդունելի չեն նաեւ այն առաջարկները, որոնք ձեւակերպվում են արեւմտյան երկրների կողմից: Դրանց էությունը հետեւյալն է՝ տարբերակներից մեկի համաձայն, եկեք հիմա ղարաբաղյան հարցի վրա շատ չկենտրոնանաք, ստատուս քվո հայտարարենք ու լուծենք հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը, ինչն ընդունելի է: Մյուս մոտեցումն այն է, որ եկեք գնանք լուծենք ԼՂ հարցը։

Անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու շփումներին եւ բանակցությունների հնարավորությանը՝ Խանումյանն ասաց, որ այսօր բավականին լուրջ անվտանգային միջավայր է Արցախում, եւ տարբեր հարցերի շուրջ՝ ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների օգտագործման եւ այլ հարցերի շուրջ լինում են զրույցներ ադրբեջանցիների հետ, բայց դրանք քաղաքական շփումներին չեն վերաբերում․ «Ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը երբեւէ քաղաքական բանակցությունների մեջ կմտնի Ստեփանակերտի հետ, դա ֆանտաստիկայի ոլորտից է»։

Խանումյանի խոսքով՝  Արցախի բնակչության՝ Արցախում ապրելու միակ երաշխիքը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այլ տարբերակը բերելու է ցեղասպանության․ «Այսինքն, բոլոր այն կողմերը, կլինի՝ Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա, որոնք պնդում են ինտեգրացիայի վրա, նրանք Արցախի ժողովրդին դրդում են ցեղասպանության։ Որեւէ դեպքում, որեւէ հայ չի կարող մնալ Ադրբեջանի իշխանության ներքո։ 70 տարին էլ, որ մնացել են, դա Ադրբեջանի իշխանության ներքո չի եղել, եղել է Խորհրդային միության պայմաններում։ Այն երկրները, որոնք ինտեգրացիա են ասում, առաջարկում են՝ բազմազգ խաղաղապահ ուժեր եւ այլն, խնդրեմ, ԼՂԻՄ տարածքի մի մասը՝ Հադրութի շրջանը, Ասկերանի եւ Մարտակերտի որոշ գյուղեր, Շուշի շրջանի որոշ բնակավայրեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կարող են իրենց խաղաղապահներին բերել, առաջարկել հայերին գնալ միջազգային երաշխիքների ներքո ապրել, տեսնենք՝ ինչ-որ բան ստացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսինքն, այդ առաջարկվող մոդելն այսօր էլ կարող են կիրառել Ադրբեջանի զավթած տարածքների վրա, թող փորձեն»։

Նրա պնդմամբ՝  ադրբեջանական ագրեսիվ ցանկությունները զսպելու գլխավոր երաշխիքը սեփական կարիքները զարգացնելն է, հատկապես բանակի մարտունակությունը բարձրացնել ու պահեստազորի կազմակերպումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31