«Երկու վեհափառների հետ էլ հանդիպել եմ ամիսներ առաջ։ Արամ-Ա կաթողիկոսը գտնում է, որ պատմականորեն այնպիսի ժամանակաշրջան է, որ միգուցե ճիշտ գաղափար չէ գագաթնաժողով անցկացնելը։ Մենք սկզբունքորեն դրա հետ համաձայն չենք, որովհետեւ այս դժվար ու խառը պահը, վտանգներով լի պահը, երբ միջազգային հարաբերություններում ականապատ դաշտ է, ամենաճիշտ պահն է հավաքվելու։ Իսկ եթե ամեն ինչ լավ է, այնքան լավ է հավաքվելը՝ նախորդ համաժողովների նման՝ ուտենք-խմենք, ցրվենք։ Հիմա ուտել-խմելու ժամանակ չէ, հավաքվենք, տեսնենք՝ ինչ ենք անում»,-այս մասին այսօր համաշխարհային հայկական գագաթնաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ գագաթնաժողովին Եկեղեցու մասնակցության աննպատակահարմարության մասին հայտարարությանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի՝ գագաթնաժողովին չմասնակցելուն, Սինանյանն ասաց՝ դաշնակցությունը կարեւոր գործոն է սփյուռքում, բայց իրենց չմասնակցելն ավելի է վնասում իրենց․ «Վստահեցնում եմ՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Դաշնակցության հետ՝ սփյուռքում, ի շահ իրենց չեն, որովհետեւ իրենք կորցնում են ամենագաղափարական, ամենադաշնակցական դաշնակցականներին եւ դա իրենց լավ բանի չի տանելու»։
Ինչ վերաբերում է սփյուռքի մի քանի գործիչների դժգոհություններին եւ Սինանյանի հասցեին մեղադրանքներին, թե վերջինս Ֆրանսիայում կազմակերպություն է ստեղծում՝ պառակտելով սփյուռքը, Սինանյանն այսպես արձագանքեց՝ ցնորք է․«Այդ իրենք են պառակտում սփյուռքը, իրենք շատ վտանգավոր գիծ են տանում։ Նախ՝ մենք սփյուռքում ոչ մի կազմակերպություն չենք հիմնել, կազմակերպությունները ստեղծվում են, որովհետեւ դրա կարիքը կա։ Եթե Ֆրանսիայում ստեղծվել է նոր կազմակերպություն, դա արդյունքն է այլ կազմակերպությունների վատ աշխատանքի։ Եվ պառակտիչն այն է, որ որեւէ անձ քսան տարի նստում է նույն կազմակերպության ղեկին, չի ուզում հեռանալ, երիտասարդներին հնարավորություն չի տալիս, չի ուզում փոխվել , հարմարվել ներկա ժամանակներին, եւ բռնատիրական մենաշնորհ է փորձում դարձնել կազմակերպությունը, նա ներսից պառակտում է համայնքը։ Էդ մարդիկ 15 տարի համանախագահներ են եղել (նկատի ունի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը՝ (CCAF)»։
Նրա գնահատմամբ՝ անառողջ երեւույթ է, երբ անձը երկար ժամանակ նույն պաշտոնին է մնում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ