«ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը մշտական սպառնալիք է ՀՀ անվտանգության համար: Այդ սպառնալիքները պետք է կառավարել եւ վերացնել: Համոզված ենք, որ ԼՂ-ի եւ ՀՀ-ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն, միմյանց գոյության չբացառման բանաձեւի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին մեր հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի եւ Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարեւանների համար, իսկ հարեւանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար: Սա կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է»,- այսօր ՔՊ 6-րդ համագումարին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ կուսակցությունը որդեգրում է ԼՂ խնդրի կարգավորման նոր տեսլական. «Եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պիտի դառնա արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը եւ երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պիտի երաշխավորի, որ ԼՂ բնակիչներն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի: Հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել՝ առանց ԼՂ ներգրավվածության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ