Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան․ «Պատերազմի պարտության համար աշխարհի բոլոր հայերը մեղավորության ինչ-որ բաժին ունեն»

Հոկտեմբեր 29,2022 16:50

«Հայաստանի եւ սփյուռքի միջեւ անջրպետը կա, բայց դա միշտ է եղել, եւ անցյալում դա այլ ձեւով է արտահայտվել։ Անցյալում լուռ պայմանավորվածություն է եղել՝ դուք մի քիչ փող եք տալիս մեզ, հիմնականում որպես բարեգործություն, աչք եք փակում ամեն ինչի վրա, Հայաստանի կործանման, գահավիժման, թուլացման վրա եւ մեր ապագա պարտությունների պայմանների ստեղծման վրա, մենք էլ ձեզ մեդալներ ենք բաժանում, ձեզ գովաբանում ենք, ու ասում ենք՝ ամեն ինչ շատ լավ է ու այդպես մենք մեզ որոշ ժամանակով լավ ենք զգում»,-այս մասին այսօր Երեւանում ընթացող համաշխարհային հայկական գագաթնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նրա խոսքով՝ այսօր այդ անջրպետն էլի կա, բայց հիմա մի քիչ ավելի իրական կյանքում ենք․«Եղել է այն, ինչ եղել է, եւ այդ ամենը բերել է պատերազմի պարտությանը, որը հոգեբանական մեծ հարված է հասցրել հայ ժողովրդին՝ Հայաստանում եւ սփյուռքում։ Հիմա բոլորն ուզում են հասկանալ, թե ով ինչ դեր ունի խաղալու մեր հաջորդ քայլերում»։

Պատերազմի պարտության համար, ինչպես Սինանյանն ասաց, աշխարհի երեսին բոլոր հայերը մեղավորության ինչ-որ բաժին ունեն։ Նրա կարծիքով՝ եթե սփյուռքը լուռ է եղել, տեսել է, որ կոռուպցիա է եղել, տեսել են, որ մարդիկ միլիոնով հեռանում են երկրից, կարող կադրերը հեռանում են երկրից, տեսնում են, որ բանակում անասելի պայմաններ են, չի կարող նման բանակը  դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերին, տեսել ու լռել են, ու եթե այս ամենը տեսնելով գնացել են նկարվել են, հանդիպել, ուրախացել են, հետո վերադարձել են սփյուռք եւ հայհոյել նույն ղեկավարներին, ուրեմն մեղք ունեն։ Նա ասաց, որ Հայաստանում էլ բոլորս ինչ-որ չափով մեղք ունենք։

«Ինչ ունենք այսօր, դա հետեւանքն է ինչ եղել է երեկ։ Հիմա իրավիճակն ավելի անկեղծ է, կարծես սառը ջուր են լցրել մեր գլխին, հասկանում ենք, որ շատ լուրջ են խաղադրույքները, եւ մենք պետք է շատ լուրջ մոտենանք այն ամենին, ինչ պետք է անենք ապագայում։ Այլեւս բոցաշունչ ճառերով ու ցանկություններով հարց չի լուծվելու»,-ասաց Սինանյանը։

Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովի նպատակներից մեկն է՝ պարզապես հավաքվել․ «Մենք պետք է հավաքվենք, որովհետեւ պատերազմից հետո անջրպետի  զգացողությունը կա, չնայած վերջին երկու տարում շատ մեղմացել է, պետք է ունենա տրամաբանական հաջորդ քայլը։ Ռազմավարական նպատակն է՝ վեր հանել մեզ հուզող բոլոր հարցերը, եւ հասկանալ, թե ով ինչ դեր ունի խաղալու։  Գագաթնաժողովի արդյունքում մեր բոլոր հարցերի պատասխանները չենք ստանալու, մեր խնդիրները շատ բարդ ու խորն են, եւ թե, ով, ինչ դեր է խաղալու, դրա պատասխանն էլ բարդ է, պետք է խորհուրդներ լսենք իրարից»։

Սինանյանն ասաց, որ «Ի գործ» նախագծի  միջոցով կարողանում են սփյուռքից հիսուն մասնագետ բերել, որոնք աշխատում են պետական համակարգում․«Բայց եթե ուզում ենք որակական փոփոխություն բերել պետական կառավարման համակարգում, հիսուն հոգին կրիտիկական զանգվածի հարց չի լուծում։ Հարց է առաջանում՝ քանի՞ սփյուռքահայ կա, որը պատրաստ է  700 դոլար աշխատավարձով գալ ու աշխատել։ Մեծ չէ այդ թիվը։ Շատերն ասում են՝  շատ եմ ուզում օգնել հայրենիքին, բայց ես ընտանիք ունեմ, վճարումներ ունեմ, տուն ունեմ, չեմ կարող այդ գումարով ապրել։ Հիմա պետք է հասկանանք՝ ինչ հնարավորություններ կան սփյուռքին ներգրավելու՝ առանց ողորմություն խնդրելու»։

Ըստ Սինանյանի, հիմա փորձում են ակտիվ առաջ տանել սփյուռքի պարտատոմսերի գաղափարախոսությունը․«Մարդն ուզում է Հայաստանի ապագային ֆինանսապես մասնակցել, մտածում ենք, թե ինչպես կարելի է բարեգործությունից հանել ու մտցնել շահութաբերության դաշտ։ Հիմա սա կառավարությունով փորձում ենք ընդունելի դարձնենք։ Բարդ պրոցես է, բայց օրինակ Իսրայելում ստացվել է։ Սա նաեւ քաղաքական հարց է՝ մարդը ներդրում է ՀՀ տնտեսության մեջ, իսկ պարտատոմսերն ամենապարզ ձեւն են, նա փայատեր է դառնում ՀՀ ապագայում, եւ կորցնելու բան ունի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31