«Մենք երազում էինք, որ միջազգային լավագույն փորձը հասանելի լինի մեր երկրում, որ մեզ մոտ ևս մարդիկ բուժվեն նույն ստանդարտներով, նույն բարձրագույն որակով։
Երբ խոսքն առողջությանն է վերաբերում, մարդը ոչ մի զիջման չի ուզում գնալ։ Նա ուզում է վստահ լինել, որ դեպի ախտորոշում և բուժում իրեն ամենակարճ ճանապարհն են ցույց տվել։ Անկախ այն բանից՝ խոսքը սովորական հարբուխի, թե շատ ավելի լուրջ հիվանդության մասին է։
Մենք փորձել ենք բժշկի համար գործընկեր գիրք ստեղծել, շատ համառոտ, շատ ինֆորմատիվ և շատ վստահելի։ Իսկ ապացուցողական հիմքը միանշանակ միջազգային փորձն է»,-պատասխանելով լրագրողների հարցին՝ ասաց «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը «Բուժում է Վարդանանցը» գրքի այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ։
Կարդացեք նաև
Գրքում շուրջ 600 էջում ամփոփված են առավել տարածված 137 հիվանդությունների ախտորոշման և բուժման ապացուցողական բժշկության վրա հիմնված ժամանակակից մոտեցումները։ Առաջիկայում հասանելի կլինեն արդեն 695 գործելակարգեր, որոնք ամեն տարի կարդիականացվեն։ Նշվեց, որ գործելակարգերը հասանելի կլինեն նաև առցանց։
Գրքի շնորհանդեսին հրավիրվել էին Երևանի առաջնային օղակի մեծաթիվ թերապևտներ և ընտանեկան բժիշկներ։ Նպատակը ոչ միայն նրանց մեծարելն էր, այլև «Վարդանանց»-ի մեկ տարվա կարևոր այս գործունեության արդյունքը ներկայացնելը։
«Բուժում է Վարդանանցը» գիրքը նրանց նվիրվեց հեղինակային խմբի գիտական ղեկավար, «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հ. Մանգոյանի հետևյալ մակագրությամբ՝ «Սիրելի՛ գործընկեր, Ձեր անձնուրաց առաքելության համար, մեծ երախտագիտությամբ նվիրում ենք սույն հավաքածուն, որը հեղինակային մեր խմբի մեկ տարվա աշխատանքի արդյունքն է: Հուսով ենք այն օգտակար կլինի Ձեզ և Ձեր պացիենտներին: Շնորհակալ կլինենք ցանկացած դիտարկման համար, դրանք կօգնեն հաջորդող հրատարակումները դարձնել էլ ավելի ինֆորմատիվ և գործնական»:
Շնորհանդեսին մասնակից բժիշկների համար ևս մեկ անակնալ էր պատրաստվել՝ 1.000.000 դրամի ծածկույթով Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության անվանական սերտիֆիկատ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ