Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Նույնիսկ ամենաանբարենպաստ զարգացումների պարագայում եթե գործող իշխանությունը դրսեւորի նվազագույն հայրենասիրություն, էլի հնարավոր է գտնել էապես ավելի դրական լուծումներ»

Հոկտեմբեր 29,2022 16:27

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր «Հենարան» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նույնիսկ ամենաանբարենպաստ զարգացումների պարագայում եթե Հայաստանի գործող իշխանությունը դրսեւորի նվազագույն հայրենասիրություն եւ մեր շահերի պաշտպանություն, էլի հնարավոր է այս ահավոր իրավիճակում գտնել լուծումներ, որոնք էապես ավելի դրական կլինեն, քան այն լուծումները, որոնց իրականացմանը իշխանությունը լծված է: Սակայն նախկին պատգամավորը դա իրատեսական չի համարում: «Ես իրատեսական եմ համարում մեկ ուրիշ բան: Որ այս մտքերը պետք է դառնան մեր ժողովրդի այն կարգախոսները, որոնցով այս ապիկարներին պետք է վռնդենք»,-ասաց նա:

Aravot.am-ի հարցին, թե ռուսական տարբերակն ընդունվելու դեպքում վերադառնալու ենք այն իրավիճակին, ինչը կար մինչեւ 2018 թվակա՞նը, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Շատ լավ հարց եք տալիս: Տեսեք, Ռուսաստանը ոչինչ չի առաջարկում: Նա ասում է. Հայաստան, առաջարկողը դու ես: Եթե դու մեծ ջանքեր ներդնես, ունենաս մեծ հմտություն, կարողանաս բանակցել այնպես, ինչպես բանակցում էին, մասնավորապես, Հայաստանի երկրորդ եւ երրորդ իշխանությունների ժամանակ Ղարաբաղի հարցը հետապնդելով, ապա իմացիր, որ կունենաս իմ աջակցությունը: Բայց նախաձեռնողը դուք պետք է լինեք: Եվ ժողովրդին էլ ասում է. ձեր իշխանություններին է տրված նախաձեռնություն իրականացնելու, այդ նախաձեռնության համար պայքարելու պարտականությունը: Իսկ դուք արդեն կողմնորոշվեք: Դուք եք ընտրել այդ իշխանությանը, դուք էլ կարող եք հեռացնել»:

Մեր երկրորդ հարցին, թե ընդդիմությունն այսօր ինչո՞վ է զբաղված, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ուրախ եմ հարցի համար: Ընդդիմությունը զբաղված է այն բանով, ինչով զբաղված է 2018 թվականի խայտառակ  գունավոր հեղափոխությունից հետո: Բացատրում է ժողովրդին այն իրավիճակը, որում ժողովուրդը հայտնվել է, ներկայացնում է այն օրինաչափությունները, որոնք ընթանում են գունավոր հեղափոխություններ անցած բոլոր ժողովուրդների մոտ, ցույց է տալիս այն բացիլը, որ ներդրվել է մեր ժողովրդի մեջ, որը առանձնահատուկ չէ ու ճիշտ նման է վրացական եւ ուկրաինական ժողովրդի մեջ ներդրվածին եւ այդ բացիլի չարագործությունները, որ հիմա տեղի են ունենում մեր երկրում:

Այստեղ շատ մեծ է ընդդիմության դերը: Բայց բավարարո՞ւմ է այդ արդյունքը ընդդիմությանը: Բացարձակ չի բավարարում: Մենք փորձում ենք բազմապատկել մեր ջանքերը եւ բազմապատկել արձանագրված արդյունքները»:

Նաեւ հետաքրքրվեցինք, թե Գագիկ Մինասյանը որեւէ տեղեկություն ունի՞ վաղն Արցախում կայանալիք մեծ հանրահավաքի մանրամասներից եւ արդյո՞ք այդ հանրահավաքը արձագանք կունենա Հայաստանում: «Ցավոք, տեղեկացված չեմ, թե վաղն ինչ պետք է քննարկվի եւ որոշվի Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում, որից անմիջապես հետո Վերածննդի հրապարակում պետք է տեղի ունենա հանրահավաք: Բայց գործնականում համոզված եմ, որ խնդիրները, որ այնտեղ պետք է լինեն քննարկման առարկա, վերաբերելու են հենց այդ հայ-ադրբեջանական պայմանագրին: Ենթադրում եմ՝ պետք է պահանջեն, որպեսզի այդ հայտարարությունում հստակ արձանագրվի այն, ինչի մասին ասաց Պուտինը, եւ միայն այդ պարագայում դա ընդունելի կլինի մեր ժողովրդի արցախյան հատվածի համար: Ես ներքուստ համոզված եմ, որ հենց այդպես էլ կզարգանա գործընթացը եւ այն լայն արձագանք կստանա առաջին հերթին  Հայաստանում: Այս մեծ ազդակը, որ վաղը պետք է տեղի ունենա Արցախում, էական նշանակություն կունենա Հայաստանում զարգացումների համար: Համոզված եմ, որ բավականին մտահոգված պետք է լինեն Բաքվում, որ նրանք իրենց էմիսարների միջոցով, որ ենթադրաբար, կլինեն նաեւ Արցախում, իսկ այդպիսիք, համոզված եմ, կան Հայաստանում, իրենք պետք է փորձեն նսեմացնել այդ ամենը, համոզել, թե որեւէ բան այլեւս փոխել հնարավոր չէ, որ 44-օրյա ողբերգական պատերազմից հետո այլեւս ամեն ինչ լուծված է, որ արցախցիները ստիպված պետք է լինեն Ադրբեջանի կարգապահ քաղաքացիներ եւ վերջ:

Կարծում եմ, հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումից առաջ չափազանց կարեւոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանա, որ գոնե հայության այն հատվածը, որն առաջինը իր վրա պետք է կրի այդ պայմանագրի դրսեւորումները, ունի իր հստակ դիրքորոշումը: Եվ այլեւս, Հայաստանի ղեկավարության պահվածքը այդ հանդիպման մեջ պետք է գնահատվի այդ դիրքորոշման լույսի ներքո:

Մեր վերջին հարցին, թե որպես ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ի՞նչ կասի դաշինքի՝ ԱԺ վերադառնալու մասին, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Մեր գործողությունները համահունչ են «Հայաստան» դաշինքի հետ եւ մենք նույն կերպ ենք մոտեցել այս հարցին: Մոտեցումն այսպիսին է, որ մեր խորհրդարանական գործընկերները ավելի մոտ գտնվելով՝ ավելի օպերատիվ կարող են կողմնորոշվել՝ մասնակցե՞լ խորհրդարանական այս կամ այն գործընթացին, թե՞ ոչ: Մինչեւ հիմա քառօրյա նիստերին մասնակցելը նպատակահարմար չի համարվել, որովհետեւ ընթացակարգերը կանոնակարգ օրենքով ունեն իրենց ստանդարտ ձեւակերպումները: Սակայն նաեւ ուրիշ գործիքակազմեր էլ կան եւ դրանցով աշխատելը միշտ եղել է մեր եւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր մեր գործընկերների զինանոցում եւ շարունակելու են մնալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31