Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասում են՝ տեսեք, ԵՄ դիտորդներ են եկել ՀՀ, էդ ո՞վ է հրավիրել իրենց». Փաշինյանը հրապարակեց ՀԱՊԿ-ի փակ նիստի խոսակցությունը ու Լուկաշենկոյին իր պատասխանը

Հոկտեմբեր 29,2022 15:32

«Ես հիմա պատրաստվում եմ հանրության հետ բաց խոսել, որովհետեւ դուք եք այն քաղաքական հենարանը, որի հիման վրա գործում է կառավարությունը: Հունվարյան պայմանավորվածության կարեւոր կետերից մեկը եղել է հետեւյալը՝ ՀՀ սահմանները կարմիր գիծ են դաշնակիցների համար: Երբ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը խախտել է Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սահմանը, մենք պայմանագրերի հիման վրա ասել ենք՝ գիտեք ինչ, կարմիր գիծը խախտվել է: Նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ թե սահմանը դեմարկացված չի: Դրա համար եմ հարց բարձրացնում՝ ասել, որ ՀՀ սահմանը հայտնի չէ, թե որտեղով է անցնում, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա այդ պայմանագրի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է՝ չկա կազմակերպություն: Իհարկե, սահման կա»,- այսօր ՔՊ 6-րդ համաժողովին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ պարտավորությունների զանգը հնչել է. «ՀԱՊԿ նիստը եղել է դռնփակ, բայց մեր գործընկերների մի մասը հրապարակել են որոշ տեղեկություններ, ես էլ եմ ուզում հրապարակել: Այս հարցերը պարզ դրվել են մեր գործընկերների առաջ: Ես շնորհակալություն եմ հայտնել ՌԴ նախագահին, որովհետեւ երեկվա քննարկումը շատ բաց, անկեղծ ստացվեց: Ասում են՝ տեսեք արեւմտյան, ԵՄ դիտորդներ են եկել ՀՀ, էդ ո՞վ է հրավիրել իրենց: Ես ասել եմ՝ կներեք, ես եմ հրավիրել ու հրավիրել եմ 1 պարզ ու 1 բարդ պատճառով: Բարդ պատճառն այն է, որ ի հեճուկս պայմանագրերի, ադրբեջանական օկուպացիայի ՀԱՊԿ արձագանքը համարել եմ ոչ պատշաճ: Երկրորդը՝ Ադրբեջանը ԵՄ-ին ներկայացնում է հետեւյալ պատկերը, որ ՀՀ կառավարությունը եւ անձամբ վարչապետ Փաշինյանը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի անկախությանը, ինքնիշխանությանը: Եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում ու սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձեւավորեք, եկեք տեսեք ինչ է կատարվում: Երեկ ՀԱՊԿ-ի նիստում ասացի՝ փաստորեն, ռուսական զորքերը ՀՀ սահմանային կանգնելով՝ սպառնալի՞ք են ստեղծում: Ինձ համար դա ընդունելի չի: Մեր բոլոր գործընկերները գիտեն, որ Ադրբեջանը հենց այս նարատիվն է տանում արեւմտյան երկրներում: Ասում են՝ դե ադրբեջանականը մեզ հարազատ երկիր է եւ այլն, ես նիստում ասացի՝ կներեք, խոսքը էմոցիաների մասին չի, մեկը մեկին կարող է ավելի սիրել, պակաս սիրել, լինել մեկին ավելի հարազատ, խոսքը ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտավորությունների, օրենքի՛ մասին է: Ով ում ինչքան է սիրում, բացարձակ կապ չունի: Կա ստեղծված իրավիճակ: Հիմա ստեղծված իրավիճակին տրվո՞ւմ է քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ՀՀ-ի դեմ ու օկուպացրել է ՀՀ տարածքներ: Ես սեպտեմբերի 13-ին ակնկալում էի, որ ՀԱՊԿ-ը նման հայտարարությամբ հանդես կգա»:

Փաշինյանը պատմում է, որ ՀԱՊԿ-ի դիտորդները այստեղ գալուց ու տեսնելուց հետո երեկվա նիստում արձանագրել են, որ հարձակում է եղել ՀՀ-ի դեմ ու օկուպացրել են ՀՀ տարածքներ. «Եկեք ուրեմն քաղաքական գնահատական տանք: Դա նախատեսված է ՀԱՊԿ-ի հիմնարար փաստաթղթերով: Մենք պետք է ճանապարհային քարտեզ ընդունենք, թե ինչպես ենք վերականգնում ՀՀ տարածքային ամբողջականությունը: Առաջինը դիվանագիտական ճանապարհով է, երկրորդը՝ արդեն ՀԱՊԿ-ը պետք է ուժային գործողություն ծավալի: Մենք որոշեցինք, որ ԱԳ նախարարներին տանք հանձնարարական՝ այդ խնդիրը լուծեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31