Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Ակնհայտ է, որ եթե կյանքի կոչվի վաշինգտոնյան տարբերակը, Արցախը շատ արագ կհայաթափվի եւ որեւէ հետք չի մնա ձեռքբերումներից, որ կերտվել է մեր ժողովրդի հերոսական պայքարի գնով»

Հոկտեմբեր 29,2022 14:45

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ «Հենարան» մամուլի ակումբում եւս մեկ անգամ մեկնաբանեց սեղանին դրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու՝ վաշինգտոնյան եւ ռուսական տարբերակների միջեւ եղած տարբերությունները:

«Մոտեցել է այն փուլը, երբ հայկական իշխանությունները պետք է որոշում կայացնեն, թե որի նկատմամբ է իրենց կողմնորոշումը: Տարբերակների մեջ, ըստ հրապարակումների, կան մի քանի էական տարբերություններ: Վաշինգտոնյան առաջարկում ըստ էության Արցախի հարցի հետ կապված շատ հստակ ձեւակերպում կա: Այն, որ Արցախը բացարձակ որեւէ ինքնիշխանություն չի ունենալու: Լինելու է անձ, որը ներկայացնելու է Արցախի հայ համայնքի մոտեցումները խնդրի վերաբերյալ: Եվ ենթադրվում է, որ Ադրբեջանն էլ պետք է ունենա մի անձ, որը պետք է համագործակցի հայկական համայնքի այդ ներկայացուցչի հետ եւ փորձի կարգավորել խնդիրները, որոնք կառաջանան: Ուզում եմ այստեղ ներկայացնել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի՝ երեկ արտահայտած միտքը ԱՊՀ վեհաժողովում: Նա ասաց, որ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի: Էլ ուր մնաց, որ խոսք լինի արցախահայության ինչ-որ իրավունքների մասին: Նա ասաց նաեւ, որ դա Ադրբեջանի տարածք է եւ այնտեղ ապրող մարդիկ պետք է ունենան այն իրավունքները եւ պարտականությունները, որոնք Ադրբեջանում ունեն այլ քաղաքացիները: Ակնհայտ է, որ եթե այսպիսի տարբերակ կյանքի կոչվի, ապա Արցախը շատ արագ կհայաթափվի եւ ընդհանրապես որեւէ հետք չի մնա այն մեծ մաքառումներից, ձեռքբերումներից, որոնք 1988 թվականից սկսած շուրջ 30 տարիների ընթացքում կերտվել են մեր ժողովրդի տքնաջան ու հերոսական պայքարի գնով:

Կա նաեւ ռուսական տարբերակը, որի հիմնական մոտեցումները վերջերս ներկայացրեց Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովում՝ պատասխանելով հարցերից մեկին: Նախ, նա ասաց, որ Ռուսաստանն այստեղ ինքնուրույն որեւէ առաջարկություն չի ներկայացնելու եւ իր համար ընդունելի կլինեն բոլոր այն մոտեցումները, որոնք համաձայնեցված են Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից եւ որոնք տարածաշրջանում կապահովեն կայուն եւ երկարատեւ խաղաղություն: Սա Ռուսաստանի հիմնական մոտեցումն է:

Սակայն միաժամանակ Պուտինն ասաց, ակնկալելով նաեւ առաջին հերթին հայ հանրության արձագանքը, որ եթե ՀՀ քաղաքացիները եւ, մասնավորապես իշխանությունները համաձայն են, որ ադրբեջանական իշխանությունը ամբողջովին տարածվի նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա, ապա դա Հայաստանի որոշելիքն է եւ այստեղ ինքը որեւէ բան չի կարող ավելացնել:

Ակնհայտ է, որ ռուսական տարբերակում Ադրբեջանի իշխանությունը չի տարածվելու Ղարաբաղի եւ Ղարաբաղի բնակչության վրա: Սա առաջին կարեւորագույն արձանագրումն է:

Երկրորդ` ինքը շեշտեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը բարեկամական երկրներ են ՌԴ համար, սակայն Հայաստանի հետ Ռուսաստանը ունի շատ ավելի բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության մակարդակ: Եվ ահա այդ ուժով իր համար ավելի նախընտրելի պետք է լինի հնարավորության դեպքում պաշտպանել հայկական շահերը, իհարկե, ամեն ինչ համաձայնեցնելով նաեւ ադրբեջանական կողմի  հետ:

Պուտինը Ռուսաստանի վրա չի վերցնում որեւէ բան առաջարկելու խնդիր: Նա թողնում է, որ Հայաստանն առաջարկի եւ իր կողմից երաշխավորում է, որ այդ առաջարկները կլինեն ավելի պաշտպանված ռուսական կողմից:

Եվս մի կարեւորագույն հանգամանք: Պուտինը նշեց, որ եթե հայկական կողմը գտնում է, որ Արցախը պետք է ունենա ինչ-որ առանձնահատկություններ եւ դրանք պետք է զետեղվեն հայ-ադրբեջանական այդ համաձայնագրում, ապա ռուսական կողմը ըմբռնումով կմոտենա այդ առաջարկությանը. բանակցային գործընթացում կդրսեւորի իր ըմբռնումը այդ առաջարկությունների վերաբերյալ:

Հիմնարար տարբերությունները, կարծում եմ, ակնհայտ են երկու տարբերակների միջեւ, սակայն կարմիր թելի նման անցնում է այն, որ առաջարկողը, նախանձախնդիր կողմը պետք է լինի Հայաստանի իշխանությունը: Սա չափազանց կարեւոր է այն ֆոնի վրա, երբ այսօրվա վայ խանությունը փորձում է Ղարաբաղի հետ  կապած բոլոր խնդիրների լուծումը տեսնել ընդամենը Ռուսական կողմի նախաձեռնությունների եւ գործողությունների մեջ: Ըստ էության, ռուսական կողմի այս մոտեցումը լսելի դարձնելով ոչ միայն Հայաստանի իշխանությանը, այլ, թերեւս, առաջին հերթին ժողովրդին՝ Վլադիմիր Պուտինը արձանագրեց, որ եթե դուք Ղարաբաղի խնդրի հետ կապված հայանպաստ որեւէ նախաձեռնություն, առաջարկություն չանեք, ապա մի ակնկալեք, որ որեւէ մեկը, այդ թվում նաեւ Ռուսաստանը, այդպիսի քայլեր պետք է ձեռնարկեն»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31