«Մեր գործընկերներից շատերը այդ պահին ներկա են եղել իմ աշխատասենյակում, երբ ես այդ թուղթը ստորագրել եմ, եւ այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա: Դրա շուրջ շարժումներ կառուցեցին: Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները, փաստորեն պարզվում է՝ ձեռքբերումներ կան: Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես առաջիկայում պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել: Սա ընդհանրապես պատմական նոնսենս է: Պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը երկու, երեք անգամ կապիտուլյացիա ստորագրի»,- այսօր ՔՊ 6-րդ համաժողովին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարեւոր է, որովհետեւ այնտեղ արձանագրված են մի շարք կարեւոր փաստեր՝ ԼՂ գոյությունը, ԼՂ շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխավոր, Լաչինի միջանցքի գոյությունը՝ որպես ԼՂ-ի եւ Հայաստանի կապի միջոց, արձանագրված է ԼՂ փախստականների իրավունքները, ապաշրջափակումը, այլ բան, թե ինչ կերպ է կատարվում դա:
Փաշինյանը հորդորեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե ինքը պատրաստվում է կապիտուլյացիա ստորագրել, պետք է ներողություն խնդրեն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելու համար, կամ հանրությանը ահաբեկելու համար, նոր խոսեն նոր կապիտուլյացիաների մասին:
Ըստ Փաշինյանի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամենակարեւոր դրույթը ապաշրջափակման դրույթն է: Նա ասաց, որ մենք պատրաստ ենք Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապ ապահովել ու կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել այդ կետն ապահովելու մասին որոշման նախագիծ. «Ադրբեջանն ասում է՝ չենք ուզում այդ հաղորդակցությունը, բայց մենք մեր պարտավորությունը լիարժեք կատարում ենք: Մենք ժամերի ընթացքում կարող ենք այդ որոշումը կայացնել, այդ տարբերակով Ադրբեջանն ասում է՝ չենք ուզում: Ի՞նչ եք ուզում: Նրանք ասում են՝ այդ ճանապարհները, որոնք գոյություն ունեն, ձմռանը փակվում են, նկատի ունենալով նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կոնտեքստը, ճիշտ կլինի, որ մենք ստեղծենք այնպիսի ճանապարհ, որ տարվա մեջ 12 ամիս գործի այդ ճանապարհը եւ դա կարող է ու պիտի դառնա միջազգային, լավ կլինի, որ նոր երթուղի կառուցենք՝ հնարավորինս կարճ ու լավ: Մենք ասում ենք՝ շատ լավ, մենք խնդիր չունենք դրա հետ, բայց երբ գալիս է գործնականացման հարցը, պարզվում է, որ Ադրբեջանն ունի լրացուցիչ պատկերացումներ, որ այդ ճանապարհը պետք է լինի առանձնացված, որ այն պետք է վերահսկվի ոչ ՀՀ-ի կողմից, որ սահմանային անցակետեր եւ այլն պիտի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ձեւով չգործեն: Մենք ասում ենք, որ չէ, դա չի կարող լինել: Մենք պատրաստ ենք, որ նոր ճանապարհը կառուցվի, ընդ որում, դա «Հայկական խաչմերուկ» ծրագիրն է, բայց դա պետք է մեր օրենսդրության համապատասխան լինի: Ադրբեջանն ասում է՝ պետք է Ռուսաստանը վերահսկի այդ ճանապարհը՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վրա: Մենք եւ ըստ էության նաեւ ՌԴ-ն ասում է, որ այդ ձեւակերպումը ճիշտ չէ, չի կարող դա լինել, այդ ճանապարհը պետք է վերահսկի ՀՀ-ն»:
Կարդացեք նաև
Փաշինյանը մեջբերեց Պուտինի ստորագրմամբ որոշում, որտեղ գրված է, որ ՌԴ-ն պետք է վերահսկի, որ ՀՀ-ն իրագործի ճանապարհների անխափան երթեւեկության իր պարտավորությունը: Որեւէ տարընթերցում չի կարող լինել: Նա հիշեցրեց, որ ՌԴ նախագահը նոյեմբերի 9-ից հետո հանդես եկավ մեկնաբանությամբ, որտեղ նույնպես այլ բան, քան պարտավորվել են, չի ասվել, ուստի թող չակնկալեն պայմանավորվածություններից դուրս այլ բան:
Ադրբեջանը ներկայացրել է, որ հայ մաքսավորների ու սահմանապահների հետ չեն ուզենա ադրբեջանցիները շփվել ու առաջարկում են, որ ռուս սահմանապահներ լինեն: Փաշինյանն ասել է, որ պայմանավորել են, որ բոլոր պայմանները պարիտետային սկզբունքով են կարգավորվելու, այս դեպքում այդ սկզբունքը խախտվում է. «Եթե ադրբեջանցիները չեն շփվում հայ սահմանապահի հետ, այդ դեպքում հայերն էլ պետք է չշփվեն ադրբեջանցի սահմանապահի հետ՝ խոսքը Ադրբեջանից Ադրբեջան ու Հայաստանից Հայաստան գնացողների մասին է: Խոսքը մասնավորապես Երասխից Մեղրի երկաթուղային կապի մասին է: Չի կարող հավասարակշռությունը խախտվել, Հայաստանի սահմանում կանգնեն ոչ ՀՀ սահմանապահները, իսկ Ադրբեջանում կանգնեն ադրբեջանցի սահմանապահները: Միջազգային պրակտիկայում կա, որ դա արտապատվիրակեն երրորդ կողմի օպերատորներին: Մենք այն գլխից ասում ենք, որ պատրաստ ենք դա արտապատվիրակել ռուս սահմանապահներին, ադրբեջանցիները ում ուզում են պատվիրակեն, կարող են օրինակ Թուրքիային էլ ընտրեն, որովհետեւ ՀՀ քաղաքացիները Թուրքիա գնալ-գալիս շփվում են թուրք սահմանապահների հետ ու խնդիր չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ