Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվեց, որ ՀՀ-ն այլեւս որեւէ բան չի որոշում ու միակ բանը, որ կարող է որոշվել, դա հլու կատարել այլ տեղերում կայացված որոշումները». Փաշինյան

Հոկտեմբեր 29,2022 14:15

«Մենք երբեք չենք մտածել, որ ղարաբաղյան հարցն այն հարցն է, որը մենք պետք է օգտագործենք՝ իշխանության մնալու կամ ներքաղաքական հարցեր լուծելու համար»,- այսօր ՔՊ 6-րդ համաժողովին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին հայտարարեց, որ 2007-ին մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ոչնչացրեց ըստ էության ԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը. «Մենք, իշխանության գալով, առերեսվելով այս իրավիճակի հետ, փորձեցինք, մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որ ՀՀ պետականության հիմունքները նորոգենք: Մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ն պետական իշխանության մակարդակով 1990-ից մինչեւ 2018-ը հետեւողականորեն քայքայել է պետության հիմքերը, այդ հետո պարզեցինք, որ մենք, մեր բոլոր ջանքերով այլեւս ի վիճակի չենք վերականգնել: Երբ որ մեզ քննադատում են, այդ քննադատության ընթացքում ես խնդրում եմ աղմուկի մեջ ուշադրություն դարձրեք ենթատեքստերին ու բառերի գենետիկային: Քննադատներից մեկն ասում է՝ երբ որ Ադրբեջանը հույսը կտրեց, որ բանակցային ճանապարհով կկարողանա հասնել նրան, ինչն ուզում է, պատերազմ արեց: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները իրենց ողջ գործունեության ընթացքում մի գիծ են տարել՝ Ադրբեջանին շարունակաբար հույս տալ, որ իրենք առանց պատերազմի կկարողանան հասնել նրան, ինչն իրենք ուզում են»: Փաշինյանի խոսքով՝ սա թվում է խելացի քաղաքականություն, կարող են դա անել մեկ-երկու, նույնիսկ 20 անգամ, բայց դա ավարտ պետք է ունենա ու 2018-ին Սերժ Սարգսյանն արձանագրել է դրա ավարտը:

Փաշինյանի խոսքով՝ 30 տարվա ընթացքում ՀՀ-ն կորցրել է Ղարաբաղի հարցի նկատմամբ վերահսկողությունը. «Պարզվեց, որ ՀՀ-ն այլեւս որեւէ բան չի որոշում ու միակ բանը, որ կարող է որոշվել, դա հլու կատարել այլ տեղերում կայացված որոշումները: Այո, եթե մենք սխալ ենք արել, այդ սխալը հետեւյալի մեջ է, որ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին, բայց այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ խնդրի համատեքստում, այդպես վարվել ենք, որովհետեւ հասկացել ենք, որ դրանով կկորցնենք ինքնիշխանությունն ու պետականությունը: Մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցը ամբողջ պատմությունը չէ, պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ-ին, նրա անկախությանը, ինքնիշխանությանը, սուվերենությանը: Ինչպես ՀՀ հիմնադիր փաստաթղթերում, այսօր էլ ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ է եւ այսօր էլ պետք է բարձր հայտարարենք, որ որեւէ պարագայում մեր պետականությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որեւէ մեկի չենք զիջի: Մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի մեր անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»:

Ըստ Փաշինյանի, ՀՀ պետականությունը նոր տեսության կարիք ունի, որովհետեւ 30 տարի բզկտված տեսությունը այլեւս չի կարող գոյություն ունենալ. «2018-2020-ի մեր գործունեությունը այդ տեսությունը փրկելուն, կենդանացնելուն, իրագործելուն էր ուղղված: Բայց պարզվեց, որ քաղաքական ձեզ հայտնի հատվածում կա որոշում, որ այդ տեսությունը այլեւս գոյություն չունի: Այսօր մենք պետք է նոր տեսություն ունենանք մեր պետության համար: Մեր բոլորի աչքի առաջ աշխարհի հին հարաբերությունները աշխարհակարգը փլուզվում են: Մենք պիտի չմնանք այդ փլատակների ներքո եւ պետք է նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31