Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան․ «922 օր է մնացել մեզ․ եթե ոչինչ չանենք, մենք Արցախը կորցնելու ենք»

Հոկտեմբեր 29,2022 13:52

«Պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ին, երբ եկա Ստեփանակերտ ու հասկացա, թե ինչ է կատարվում, ուր ենք մենք գնում, ինչ է լինելու, ես հասկացա, որ ես՝ որպես հայ, իրավունք չունեմ կողքից նայել, թե ինչ կստացվի։ Կան մարդիկ, որոնք ինձ շնորհավորում են, որ ես պաշտոն եմ ստանալու։ Ես ասում եմ՝ դուք ինձ ձե՞ռք եք առնում, կամ դուք չե՞ք հասկանում՝ ի՞նչ է կատարվում, որ մենք ունենք Սարդարապատ, ճգնաժամ, որ մարդիկ կարող է կորցնեն իրենց հայրենիքը, կորցնենք Արցախը, եւ այդ մարդիկ խոսում են պաշտոնի մասին»,-այս մասին այսօր Երեւանում մեկնարկած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ասաց գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, որը միջոցառմանը միացել էր Ստեփանակերտից տեսակապի միջոցով։

«Երբ մարդիկ գալիս, ասում են՝ Ռուբեն, մենք քո երկրպագուն ենք, ասում եմ՝ ես ֆուտբոլիստ չեմ, գլադիատոր չեմ։ Մի մասն էլ գալիս, ասում են՝ ինչո՞վ քեզ օգնենք, ասում եմ՝ ես երեխա կամ տարիքով մարդ չեմ, որ ինձ օգնեք։ Եկեք մեր կողքին կանգնեք։ Դա ամենակարեւոր բանն է»,-ասաց Վարդանյանը։

Նրա համար անընդունելի է, երբ սփյուռքում, կամ ինչպես ինքն ասաց՝ Մոսկվայում, Փարիզում, Գլենդելում ինչ-որ մարդիկ էմոցիոնալ քննարկում են՝ ինչ վատ է, ինչ է կատարվում․ «Ստեփանակերտից ուզում եմ ասել՝ մենք ունենք ճգնաժամ, 922 օր է մնացել մեզ, եթե մենք ոչ մի բան չանենք, մենք Արցախը կորցնելու ենք»։

Վարդանյանի խոսքով՝ անընդունելի են այն մարդիկ, որոնք  ասում են՝ ոչ մի բան չենք կարող անել․«Դու որպես քաղաքական գործիչ, պետական հիմնարկի աշխատող կարող է․․․ բայց որպես հայ, որպես մարդ․․․

Մարդիկ, որ ասում են՝ ոչ մի բան չենք կարող անել․․․ 120 հազար մարդ է այստեղ ապրում, նրանք պիտի զգան, որ իրենք մենակ չեն, իրենք չեն մոռացվել, որովհետեւ ուժ չունեն։ Ես չգիտեմ՝ դուք եկել եք Երեւանում ինչ եք տեսնում, ոնց եք քննարկում, մենք ունենք Հայրենական պատերազմ, դուք դա կամ հասկանալու եք, կամ չեք հասկանալու, որ 115 հազար հայեր, հայաստանցի, արցախցի, սփյուռք, ոնց ուզում եք՝ նշեք,  տանկի առաջ կանգնած են։ Եվ անտարբերությունն ամենամեծ վտանգն է»։

Վարդանյանի խոսքով՝ ճգնաժամի ժամանակ պետք է ազնիվ խոսել, չի կարելի ձեւական բաներ ասել, կամ մեղմացնել ինչ-որ բաներ․«Կա ճգնաժամ։ Կամ մենք այս 922  օրվա մեջ լուծելու ենք անվտանգության հարցը, կամ մենք գտնելու ենք ձեւը, որ մարդիկ Արցախում զգան, որ մենակ չեն, թողնված չեն, իրենք ունեն ապագա, կամ մենք կորցնելու ենք հայկական աշխարհի ամենակարեւոր արմատներից մեկը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31